Շիրակում նախատեսվում է 36 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրագործել

05.03.2018 | 09:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շիրակի մարզ #Կարեն Կարապետյան #Արթուր Խաչատրյան
2017-ին Շիրակի մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց: Ակնկալվում է, որ 2018-ին ներդրումային ծրագրերի ծավալը կհասցվի 36 մլրդ դրամի:

Մարտի 3-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ նշված ծրագրերի զգալի մասն իրականացվելու է մասնավոր հատվածի կողմից:

Արդյունքում ակնկալվում է, որ մեկ շնչին ընկնող ներդրումների ծավալը նախորդ տարվա 92 հազար դրամից կհասնի 152 հազարի: Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ մարզում աշխատատեղերի թիվը նախորդ տարվա ընթացքում կազմել է 23 517։ Նախատեսվում է 2018-ին այդ թիվը հասցնել 27 000-ի: Ըստ մարզպետի՝ զգալի աշխատատեղեր կստեղծվեն թեթեւ արդյունաբերության, ծառայությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Համայնքների սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա ընթացքում կատարվել է 97%-ով. 2016-ի համեմատ համայնքների սեփական եկամուտներն աճել են 17%-ով: Սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով մարզում 2016-ին կազմել են 8 100 դրամ, 2017-ին՝ 9 400, իսկ այս տարի նախատեսվում է այն հասցնել 10 800 դրամի: Վարչապետը կարեւորել է սեփական եկամուտների ավելացմանն ուղղված քայլերը եւ հորդորել համեմատականներ անցկացնել մյուս մարզերի հետ, միաժամանակ հստակեցնել վիճակագրական տվյալները:

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի էր ուղեւորվել Երեւանի երկաթուղային կայարանից՝ Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում աշխատանքը սկսող նոր էլեկտրագնացքով:


Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին եւ ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը:

Աղբահանությունը ուշադրության կենտրոնում

Մարզպետ Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ Շվեդիայից սպասում են ներդրողների, որոնց հետ քննարկելու են աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում փակվել է 228, իսկ այս տարի ակնկալվում է փակել 257 աղբավայր: Աղբահանություն կատարելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ նախորդ տարվա ընթացքում կնքվել է 1972 պայմանագիր: Միաժամանակ, նշվել է, որ մարզում միայն իրավաբանական անձանց թիվը հասնում է 3000-ի, եւ վարչապետը խնդիր է դրել 2018-ի ընթացքում բոլոր իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր:

«Չպետք է լինի իրավաբանական անձ, որն աղբահանության համար գումար չի վճարում: Մենք նրանից ավելի գումար չենք ցանկանում վերցնել, պարզապես ինքը պետք է վճարի աղբահանության համար»,- ասել է վարչապետը:

Զեկուցվել է նաեւ, որ աղբահանության համար նախորդ տարվա ընթացքում մարզում ծախսվել է 411 մլն դրամ, իսկ գանձվել՝ 190 մլն, որից 95 մլն դրամը՝ ֆիզիկական անձանցից: 2018-ի ընթացքում նախատեսվում է աղբահանության համար գանձումները հասցնել 263 մլն դրամի:


Անկում գյուղատնտեսության ոլորտում

Գյուղատնտեսության ոլորտում 2017-ին արձանագրվել է 20 մլրդ դրամի համախառն արտադրանք, ինչն էապես քիչ է 2016-ի համեմատ: Դա, ըստ պատասխանատուների, պայմանավորված է եղել բնակլիմակայական պայմաններով եւ կարկտահարությամբ:

Մասնավորապես, 2016-ին արտադրվել է 157 հազ.տոննա հացահատիկ, իսկ նախորդ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է ընդամենը 70 հազ.: Միաժամանակ, զեկուցվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում մարզում հիմնել 22 հեկտար ինտենսիվ այգի, երեք սպանդանոց, այն պարագայում, երբ պահանջարկն ավելին է:

Ոռոգվող վարելահողերի թիվը Շիրակի մարզում 2017-ին կազմել է 20 832 հեկտար, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 23 500 հեկտարի:

Վարչապետը խնդիր է դրել քայլեր ձեռնարկել սպանդանոցների անհրաժեշտ թիվն ապահովելու համար, քանի որ ընթացիկ տարվա հուլիսից հանրապետությունն անցում է կատարելու բացառապես սպանդանոցային մորթի:

«Ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագրերը բիզնեսի առումով շատ ձեռնտու են: Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը։
Դիտում՝ 1871
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai