Ֆինանսական եւս երեք կառույց կհամագործակցի գյուղնախարարության հետ

27.02.2018 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#DICA #Արդշինբանկ #Հայբիզնեսբանկ
Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան (DICA), Արդշինբանկը եւ  Հայբիզնեսբանկը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրել են համագործակցության հուշագրեր:

Նախարարությունում նշել են, որ փաստաթղթերը նպատակ ունեն ապահովել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումը:

Հուշագրերը ստորագրել են նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը՝«Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանի, Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանի եւ Հայբիզնեսբանկի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանի հետ:


Ծրագրերի շրջանակում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2%, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար՝ 5% տոկոսադրույքով վարկեր:

«Մեր ծրագրերին արդեն միացել է 8 ֆինանսական կառույց, ավելացել է նաեւ կապալառուների ցանկը՝ համալրվելով ե՛ւ տեղական կազմակերպություններով, ե՛ւ արտասահմանյան բավական մեծ փորձ ունեցող ընկերություններով»,- նշել է Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թե՛ գյուղացիական տնտեսությունները, թե՛ բանկային կառույցները:

«Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում շատ մատչելի ֆինանսական ռեսուրսներ կտրամադրվեն ծրագրերի ֆինանսավորման համար: Կանխատեսում ենք, որ պահանջարկը կլինի բավականին մեծ եւ արդյունավետ գյուղատնտեսության զարգացման համար»,- նշել է Հրաչ Դարբինյանը:
 
Արթուր Գյուլազյանն էլ ասել է, որ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական քայլն է:

«Մենք մեր հաճախորդներին արդեն կարող ենք առաջարկել այնպիսի ֆինանսավորում, որն էապես կնպաստի նրանց բիզնեսի զարգացմանը, քանի որ պետության կողմից տոկոսադրույքների սուբսիդավորման էական առաջարկ է արվում»,- հավելել է նա:

Նշան Գրիգորյանն էլ ընդգծել է, որ նշված ծրագրերով առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության ոլորտի վարկավորման համար, եւ  Հայբիզնեսբանկը եւս ակտիվորեն կմասնակցի ծրագրին՝ իրականացնելով ծրագրերով նախատեսված պայմաններով վարկավորում:

Մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաեւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, Ինեկոբանկի, Կոնվերս Բանկի, Արմսվիսբանկի եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ առեւտրային կոոպերատիվի հետ:
Դիտում՝ 2268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai