Ինդուստրիալ գյուղատնտեսության առաջին ծիլերը՝ Գեղարքունիքում

17.08.2017 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #կաթիլային ոռոգում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում, մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ ծանոթացել իրականացվող ծրագրերին:

Կաթիլային ոռոգմամբ ծիրանի այգի Շորժայում

Շորժա համայնքում ծիրանի այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական սորտեր, հիմնվել է 2016-ին՝ 10 հեկտարի վրա: Երրորդ տարում ակնկալում են ստանալ բերքի որոշակի քանակ, իսկ հինգերորդ տարում՝ լիարժեք բերք: Նշելով, որ այգու ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով՝ Սուլիկո Շուշանյանն ընդգծել է, որ այն կատարյալ է եւ չափազանց արդյունավետ:

Նա տեղեկացրել է նաեւ, որ այգում ընթացիկ աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա` միաժամանակ ընդգծելով, որ նման ծրագրի նախաձեռնումը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ:

«Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկություն

Վարդենիկ համայնքի «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի փոխանցմամբ` ձեռնարկությունը ստեղծվել է 2016-ի մայիսին եւ «Համայնքների զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում խրախուսում է տարբեր բանջարատեսակների եւ խոտաբույսերի հավաքումը, չորացումն ու սառեցումը:

Նրա խոսքով՝ իրացման հետ կապված խնդիրներ չկան. արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, մնացածն արտահանվում է: Հաջորդ տարվանից նախատեսվում է հարեւան տարածաշրջաններից մթերել այլ մշակաբույսեր, ընդլայնել տարածքները, ձեռք բերել նոր սառցարան եւ չորանոց:

Ձեռնարկությունը հետաքրքրված է նաեւ գյուղատնտեսության նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրով, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել 3-10 մլն դրամ՝ 5% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով:

Ձեռնարկության առավել հաջողված նախաձեռնությունների շարքում Արտուշ Խաչատրյանը մատնանշել է մասնավորապես բրոկոլիի մշակումը եւ տեղեկացրել, որ 2018-ին նախատեսվում է մշակել նաեւ բրյուսելյան կաղամբ, որը հանրապետությունում ունի մեծ պահանջարկ:

Նախապատվությունը տեղացի սերմարտադրողներին

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախարարությունը չի նախատեսում սերմ ներմուծել այն պարագայում, եթե տեղական սերմարտադրողներն ապահովեն ներքին պահանջարկը:

«Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն՝ հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով, եւ եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում»,- նշել է նախարարը:
Դիտում՝ 4419
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai