Վարչապետ. Ստեղծելու ենք շահութաբեր եւ ինդուստրիալ գյուղատնտեսություն

09.08.2017 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #գյուղատնտեսություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող բարեփոխումների արդյունքում «ոչ միայն սոցիալական խնդիր ենք լուծելու, այլեւ ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր, ինդուստրիալ գյուղատնտեսություն»:

Այս մասին վարչապետն ասել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով:

«Մեր գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: Մեր մարզային այցելությունների եւ անցկացված հետազոտությունների հիման վրա, կարեւորել ենք հետեւյալ ուղղությունները՝

1. Հողային եւ կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան,
2. Աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը,
3. Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը,
4. Ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը,
5. Կիրառական խորհրդատվական համակարգի ձեւավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում, ինչ պետք է արտադրվի, եւ որի միջոցով օժանդակելու ենք նաեւ համապատասխան մասնագետների վերապատրաստմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Վարչապետի խոսքով՝ այս քայլերի իրականացման արդյունքում Հայաստանը կունենա շահութաբեր եւ կայուն զարգացող գյուղատնտեսություն:

«Դա, իր հերթին, կբերի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք ապրանքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, ինչպես նաեւ հանրապետությունից ապրանքների քանակի եւ տեսականու արտահանման աճի, որը հանգեցնելու է հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է կառավարության ղեկավարը:
 
Կարեն Կարապետյանը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը.

«-Նախադրյալներ ենք ստեղծելու ինտենսիվ նոր այգիներ հիմնելու համար, որը կբերի երաշխավորված արտադրանքի ստանալուն, ինչպես նաեւ փոքր, միջին եւ խոշոր ֆերմերային տնտեսությունների կայացմանը: Պետության կողմից կլինի վարկի սուբսիդավորում եւ շահառուներին կտրամադրվեն տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր մինչեւ 7 տարի մարման ժամկետով:

-Անցում ենք կատարելու կաթիլային նոր համակարգերի, որոնց ներդրման համար պետական աջակցության ծրագիր է մշակվել, համաձայն որի հողօգտագործողներին կտրամադրվեն վարկեր՝ տարեկան 2% տոկոսադրույքով եւ 3 տարի մարման ժամկետով,

-Լիզինգի պետական աջակցության ծրագրով ապահովելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն: Այստեղ հնարավորություն ենք ընձեռում օգտվել ծրագրից 20% կանխավճար կատարելով, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույքով եւ 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից:

-Ջերմոցային տնտեսությունների համար, ինչպես նաեւ այս ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողների համար գազի արտոնյալ սակագին ենք սահմանել:

-Մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով արդեն իսկ մեկնարկել ենք մատչելի պայմաններով՝ տարեկան 3% տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը:

-Սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները գյուղացիական տնտեսությունների համար դարձնելու ենք առավել մատչելի, իսկ սուբսիդավորման գումարները ավելացնելու ենք՝ հնարավորություն ընձեռելով նրանց ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5% տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմն էլ սահմանելով 3-ից 10 մլն դրամ` նախկին մինչեւ 3 մլն-ի փոխարեն:

-Գյուղատնտեսությունն ապահովագրելու ենք բնական աղետներից, ինչի համար մոտ ամիսներին Արմավիրի մարզում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որը աստիճանաբար ընդգրկելու է հանրապետության ողջ տարածքը:

-Անասնապահության բնագավառում ավելացնելու ենք բարձր կաթնատվության եւ մսատվության տոհմային սորտերի գլխաքանակը, ապահովելու ենք նրանց բուժման խնդիրների լուծումը, ինչպես նաեւ սպանդանոցների միջոցով մորթի կազմակերպումը:

-Նախատեսում ենք տարբեր մարզերում ստեղծել սառնարաննային տնտեսություններ՝ ավելցուկ թարմ բերքը սառնարանում պահպանելու հնարավորություն ունենալու համար:

-Անցնելու ենք բարձրարժեք բույսերի մշակության:

-Ընդլայնելու ենք օրգանական գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ սատարելով տեղական պարարտանյութերի ու անասնակերերի տեղական օրգանական արտադրանքի ծավալների ավելացմանը:

-Ապահովելու ենք գործող խորհրդատվական համակարգի արդյունավետությունը, եւ հասցեական աշխատելու ենք գյուղացու, ֆերմերի ու առհասարակ ոլորտով հետաքրքրված ներդրողի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

-Բարելավելու ենք օրենսդրական դաշտը»:
Դիտում՝ 4846
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo