Ֆրանսիական բանկի աջակցությամբ «Սպայկա»-ն ջերմոցային տնտեսություն է հիմնել

11.04.2018 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սպայկա» #Իգնատի Առաքելյան #Սուրեն Կարայան
«Սպայկա» ընկերությունում նախօրեին բացվել է ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսությունը։

Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, բացմանը ներկա են եղել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

«Ջերմոցային տնտեսությունը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով, բույսերի սնուցումը, ջերմաստիճանի ու խոնավության կառավարումը, պարարտացման չափաքանակներն այստեղ ավտոմատ եղանակով են կառավարվում։ Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, օգտագործվում են բացառապես բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։


Իգնատի Առաքելյանը նշել է, որ սա Հայաստանում ջերմոցային արտադրության զարգացման արդեն երկրորդ փուլն է։

«Տեսնելով այս օրինակները՝ մյուսները բնականաբար ընդօրինակելու են եւ ներդրումներ են կատարելու, որովհետև շահավետ է բնակլիմայական պայմանների առումով և ունենք անսահմանափակ շուկա»,- ասել է նա:  

Սուրեն Կարայանն էլ տեղեկացրել է, որ «Սպայկա» ընկերությունն առաջիկայում արտահանումներ կիրականացնի նաեւ Եվրամիության երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիա: Նրա խոսքով՝ հայտնվել են նոր ներդրողներ, որոնք ինչպես բանջարեղենի, այնպես էլ հատապտուղների ու ծաղիկների արտադրության նպատակով հիմնում են խոշոր ջերմոցային տնտեսություններ:

Ջոնաթան Լաքոթն էլ նշել է, որ գյուղմթերքի որակի առումով Հայաստանն աշխարհում մեծ համարում ունի, եւ Ֆրանսիան ՀՀ գյուղոլորտին մեծ նշանակություն է տալիս։ Նա կարծիք է հայտնել, որ ֆրանսիական ներդրումները Հայաստանի գյուղոլորտում կլինեն շարունակական՝ հաշվի առնելով ոլորտի մեծ ներուժը։

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այսօր ընկերությունում 1 մ2-ից կարող են ստանալ մինչեւ 120 կգ վարունգ և 80 կգ լոլիկ, ինչն աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է: Ընդհանուր առմամբ, ընկերությունը տարեկան արտադրում է շուրջ 35 000 տոննա լոլիկ եւ վարունգ։

Ընկերության առաջիկա ծրագրերի թվում Կարեն Բաղդասարյանը նշել է Երեւանի Նորագավիթ թաղամասում 50 հա ջերմոցի կառուցումը, բացի այդ, ավարտին է մոտենում բորբոսով պանրի գործարանի շինարարությունը:

«Ապահովվելու է մոտ 70 աշխատատեղ, տեխնոլոգիապես բարձր հագեցած գործարան է լինելու, նման գործարան նույնպես տարածաշրջանում չկա»,- ասել է  նա:


Արմավիրի մարզում առաջիկայում ընկերությունը նախատեսում է հիմնել մի քանի հարյուր հեկտար ինտենսիվ այգիներ, ընդլայնվում են բողկի արտադրության ծավալները, Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում կառուցվում է լոգիստիկ կենտրոն, որտեղ կլինի բողկի վերամշակման արտադրամաս:
Դիտում՝ 3817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai