Կառավարությունը մանրամասնել է «Սպայկա»-ի հետ համատեղ ծրագիրը

24.06.2017 | 08:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#կառավարություն #Սպայկա #Արմսանպրոդակտ
ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ հունիսի 23-ին կայացված որոշման վերաբերյալ, որով հավանություն էր տրվել «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերություններին Նորագավիթ թաղամասին հարող տարածքում մեկական հողակտոր նվիրաբերելուն՝ պետություն-համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում:

Մեկնաբանության մեջ ասված է.

«ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի եւ պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին:

Դրանք պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ, ժամանակակից եւ գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ բիզնես-նախաձեռնություններ են, որոնց պետությունն ու համայնքը մասնակցում է բացառապես ծրագրի նպատակների իրականացման նշանակությամբ հողի տրամադրման ձեւով, իսկ մասնավորը պարտավորվում է ապահովել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, ինչի հաշվին մինչեւ 2020 թվականը ամայի 110 հա հողամասի վրա կկառուցվի կիսափակ ջերմատնային տնտեսություն եւ տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի  գործարան. կստեղծվեն ավելի քան 1300 մշտական աշխատատեղեր, կընդլայնվի արտադրությունը՝ ապահովելով միջազգային շուկա տարեկան մոտ 60 հազար տոննա մաքուր էկոլոգիական բանջարեղենի եւ շուրջ հազար տոննա պանրի արտահանում:

Սրանք հենց այն արդիական գործարար-նախագծերից են, որոնք կառավարությունը հռչակել է որպես զարգացման հիմնօրինակ եւ նախաձեռնողների հետ միշտ պատրաստ է լինելու համագործակցության։

Անկախ այն բանից, որ այս պայմանավորվածությունն ինքնին տեղավորվում է կառավարության հռչակած գերակայությունների դաշտում, դրա ձեռքբերման փուլում մանրակրկիտ բանակցությունների ժամանակ «Սպայկա» եւ «Արմսանպրոդակտ» ընկերությունները հայտարարել էին մայրաքաղաքի զարգացման ծրագրերին իրենց մասնակցության ավելացման մասին՝ 2017 թվականի ընթացքում ֆինանսավորելով ավելի քան 1 միլիարդ դրամի համայնքային զարգացման ծրագրեր։

Ցավոք, ձեւակերպումների իրավաբանական նրբություններն այս որոշումը քննարկման առարկա են դարձրել, սակայն ակնհայտ է, որ պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ այս նախաձեռնությունները ժամանակի ընթացքում օրինակ են դառնալու նոր սերնդի տեխնոլոգիական ծրագրերի իրականացման համար»:
Դիտում՝ 3707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai