Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին անփոփոխ է թողնվել

15.08.2017 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր կրկին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:

Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:

«2017թ. երկրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը կազմել է 1,1%, որը 0,3 տոկոսային կետով գերազանցել է երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով սպասվող մակարդակը: Իսկ հուլիսին արձանագրվել է 2,6% գնանկում՝ պայմանավորված գյուղմթերքների գների սեզոնային անկմամբ, որի  պարագայում 12-ամսյա գնաճը փոքր ինչ նվազել է՝ հուլիսի վերջի դրությամբ կազմելով 0,9%»,- ասված է հաղորդագրությունում:


Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման հեռանկարները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում գները դրսեւորել են կայունացման միտումներ: Ելնելով դրանից՝ ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. երկրորդ եռամսյակի փաստացի արդյունքներով պահպանվել են տնտեսական բարձր ակտիվությունն ու ներքին պահանջարկի վերականգնման տեմպերը, ինչին, իրականացվող զսպողական հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, շարունակում է նպաստել ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը:

«Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա. 2017 թվականի վերջում այն կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ: ԿԲ խորհուրդը գտնում է, որ, կանխատեսվող սցենարով մակրոտնտեսական զարգացումների պարագայում, դրամավարկային պայմանները որոշ ժամանակ կպահպանվեն խթանող:

Միեւնույն ժամանակ, տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը»,- նշել են ԿԲ-ում:
Դիտում՝ 3270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai