ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

27.06.2017 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր կրկին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:

Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:

«2017թ. մայիսին արձանագրվել է 0,2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ընդլայնվել՝ ամսվա վերջին կազմելով 1,6%: Հաշվի առնելով ընթացիկ գնաճային զարգացումները՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով գնաճի վարքագիծն ընթանում է ծրագրված սցենարին համահունչ»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում:

Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները շարունակում են դանդաղ բարելավվել, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են կարճաժամկետ որոշ գնանկումային դրսեւորումներ: ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չի ակնկալում:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2017թ. երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության բարձր աճի տեմպերը պահպանվել են՝ պայմանավորված հանքարդյունաբերության, մատուցված ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով:

«Միեւնույն ժամանակ, շարունակվում է ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը, ինչը, զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, պայմանավորված է ԿԲ կողմից իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ, պահպանվող մակրոտնտեսական կայունությամբ եւ համեմատաբար ցածր գնաճային սպասումներով»,- նշել են ԿԲ-ում:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաեւ գնահատվող գնաճային ռիսկերի հավասարակշռվածությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները:

«Արդյունքում, ակնկալվում է, որ գնաճը աստիճանաբար կշարունակի ավելանալ՝ 2017թ. ձեւավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: ԿԲ-ն գտնում է, որ եթե մակրոտնտեսական զարգացումներն ընթանան կանխատեսվող սցենարով, դրամավարկային պայմանները որոշ ժամանակ կմնան անփոփոխ»,- ասված է հաղորդագրությունում:

Կարգավորիչն ընդգծել է, որ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Դիտում՝ 17512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai