ԿԲ-ն կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

16.05.2017 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է կրկին անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6%:

Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր 2017թ. փետրվարի 14-ին:

«2017թ. ապրիլին արձանագրվել է 1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների  ձեւավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ եւ ապրիլի վերջի դրությամբ կազմել 1,2%՝ գերազանցելով ԿԲ կանխատեսումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող հորիզոնում գնաճը կշարունակի վերականգնվել՝ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:


Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալում է միայն չափավոր գնաճային ազդեցություններ:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2017թ. առաջին եռամսյակի արդյունքներով դիտվել է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով:

«Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին իրականացրած խթանող դրամավարկային քաղաքականությունը շարունակում է նպաստել ներքին պահանջարկի վերականգնմանը: Արդյունքում, սպասվում է, որ գնաճն արդեն 2017 թ-ին կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքում եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ: Միեւնույն ժամանակ գնահատվում է, որ գնաճային ռիսկերն այս պահին հիմնականում հավասարակշռված են, որի պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները»,- նշել են ԿԲ-ում:

Կարգավորիչն ընդգծել է, որ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում համապատասխանորեն կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7,5% եւ 4,5%:
Դիտում՝ 2908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai