Մտորումներ ֆինտեխի մասին

17.07.2017 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆինտեխ
Հուլիսի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ միջազգային ֆինանսական 26-րդ կոնգրեսը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Կոնգրեսի այս տարվա խորագիրն էր՝ «Ֆինանսներ հանուն զարգացման»: Ներկայացնում ենք որոշ դրույթներ միջոցառմանը հնչած ելույթներից՝ նվիրված ֆինանսական տեխնոլոգիաների (ֆինտեխ) զարգացմանը, որոնք կազմվել են Bankir.ru կայքի նյութերի հիման վրա:

Գերման Գրեֆ, «Սբերբանկ»-ի նախագահ

Շուկայի խոշոր խաղացողները դժվարությամբ կարող են ընտելանալ ներկայիս տեխնոլոգիական փոփոխություններին: Մենք երազում ենք լինել փոքր, քանի որ փոքրերին ավելի հեշտ է թաքնվել քարերի հետեւում: Մենք մտավախություն ունենք, որ բանկերին կկլանի ոչ թե ինչ-որ մեծ շնաձուկ, այլ փոքր ձկների մեծ վտառը: Մեծերը վախենում են փոքրերից, փոքրերը՝ մեծերից:

*******

Այսօրվա դրությամբ մնացել է կարգավորիչների «հովանոցը»՝ մենք դա չենք սիրում եւ հենց դա է մեզ համար ստեղծում թղթային քաշքշուկներ: Բայց այսօր այդ «հովանոցը» պաշտպանում է մեզ ֆինտեխից: Շատ ընկերություններ, հատկապես այնպիսիք, ինչպիսիք են Apple-ը, Google-ը եւ այլն, ցանկանում են գնալ դեպի բանկինգ, քանի որ այնտեղ գործում է կարգավորիչը: Եվ դա մեր վճարն է. մենք մեզ համար ժամանակ ենք գնում՝ այդ նոր խաղացողների հետ մրցակցել սովորելու նպատակով: Փոքր ֆինտեխ ընկերությունները երազում են վաճառվել բանկերին, իսկ Apple-ը կամ Google-ը նման ցանկություն չունեն: Երբ նրանք մուտք գործեն մեր հարթակ, մեզ մոտ լուրջ խնդիրներ կծագեն, եւ այսօրվա օրերը մեզ համար ոսկե ժամանակաշրջան կթվան:

*******

Բիթքոինն ամենալուրջ տեխնոլոգիաներից մեկն է, որն արդեն այսօր մեր հարթակում է: Բնական է, որ պետք է մենք գլխավորենք բիթքոին-շարժումը: Այս տեխնոլոգիայից ժամանակին չօգտվելը շատ ավելի վտանգավոր կլինի, քան ֆինտեխերի ահռելի բանակը:

*******

Չնայած այս ամենին, բանկն ամենահետաքրքիր ոլորտներից է նրանց համար, ովքեր պատրաստ են փորձարկումներին, չեն սիրում լացել եւ բողոքել, այլ պատրաստ են կտրուկ փոխել իրենց կարծիքը բանկային ավանդույթների, բանկային մասնագիտության վերաբերյալ:

Օլեգ Տինկով, «Տինկոֆ Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախահագ

Մենք փորձում էինք ստարտափ գնել, սակայն այդպել էլ ոչ մի հատ չգնեցինք: Աշխարհում եւ ոչ մի տեղ ֆինտեխը ոչ մեկին չի հաղթել: Դա ընդամենը լարված փորձեր էին, փողերի աշխատեցում, ԱՄՆ-ում՝ ներդրումային մեծ գումարներ: Ֆինտեխերի մի մասին գնել են բանկերը, մի մասը սնանկացել են, մի մասն էլ քիչ թե շատ մեծացել են, սակայն նրանց գլոբալ հաջողության դեպք չեմ հիշում: Ռուսաստանյան ֆինտեխի եւ բանկային ՏՏ-ի մակարդակը համաշխարհայինից բարձր է: Անգամ չինացիներին չհաջողվեց հիմնել բանկ մեկ գրասենյակով եւ 6 մլն հաճախորդներով: Դա արեցինք մենք՝ ռուսներս, եւ դրանով կարելի է հպարտանալ: Եթե ֆինտեխը որեւիցե տեղ կա, ապա դա Ռուսաստանն է`Qiwi, «Яндекс», «Ֆինանսական տեխնոլոգիաների կետրոն»: Դրա համար պետք է շնորհակալ լինել ռազմաարդյունաբերական համալիրին, որտեղից մենք կարող ենք «ստանալ» ինժեներների, մաթեմատիկոսների, ֆիզիկոսների: Ֆինտեխը կայացավ հենց Ռուսաստանում, ոչ մի ուրիշ տեղ աշխարհում դա տեղի չունեցավ:

*******

Բանկերի համար հիմնական վտանգը կադրերն են: Կադրերը կտրականապես չեն բավականացնում: Մենք պարտավոր ենք ներդրումներ կատարել ուսանողների, կրթության մեջ: Մարդիկ ցանկանում են աշխատել Google-ում, «Яндекс»-ում, Mail.ru-ում, ինչպես նաեւ մեզ մոտ են գալիս: Մասամբ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ես սպորտային կոշիկներով եմ: Տաղանդավոր մարդիկ բանկեր չեն գնում: Կադրերի բացակայության սպառնալիքը գլխավորն է: Մենք այդ խնդրին առերեսվել ենք, եւ դա մեզ համար ամենամեծ խնդիրն է: Մենք չենք տեսնում մրցակցություն Սբերբանկի կամ ՎՏԲ-ի կողմից: Ռուսաստանը շատ մեծ երկիր է, որտեղ 100 մլն դեռեւս չսպասարկված սպառողներ կան: Ռուսաստանում մրցակցություն չկա: Շուկան շատ մեծ է եւ դատարկ: Մեզ բոլորիս անհրաժեշտ են միայն լավ կադրեր:

Սերգեյ Սոլոնին, ՖինՏեխ ասոցիացիայի եւ QIWI-ի գլխավոր տնօրեն

Այսօր շատ է խոսվում կրիպտո արժույթներին վերաբերող օրենքի անհրաժեշտության մասին: Բայց, կարծում են, նման օրենքն օգտակար չի լինի շուկայի համար: Այդ տեխնոլոգիաները դեռ նոր են առաջացել, դրանց առանձնահատկությունները դեռ մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Մեկ-մեկ կարգավորիչի գործողությունների գիտակցված բացակայությունը կարող է շատ դրական լինել շուկայի համար: Դա կարող է շուկային տալ հնարավորություն՝ զարգացնելու տեխնոլոգիաները եւ ստանալու գործնական արդյունքներ:

*******

Կարգավորչի դերը շատ մեծ է: Նա կարող է շուկան ուղղորդել դեպի ինովացիաներ, բայց կարող է նաեւ այնպես գերկարգավորել, որ որեւէ ինովացիա նրանում չի լինի: Ռուսաստանն այսօր գտնվում է պատժամիջոցների տակ, ինչը մեծ դժվարություններ է ստեղծում բանկային համակարգի, շուկայի մասնակիցների համար: Թերեւս արժե այսօր այդ շուկային տալ որոշակի ազատություն եւ օդ՝ զարգանալու համար: Շատ ցանկալի կլիներ՝ այս թեմայի շուրջ երկխոսություն ծավալել կարգավորչի հետ:

Անդրեյ Կոստին, ՎՏԲ-ի նախագահ

Կարգավորչի մտածելակերպի համաձայն՝ բանկերը մշտական վտանգի գոտի են` պայմանավորված տարբեր խնդիրներով: Ուստի մենք միշտ փնտրելու ենք հետաքրքրությունների հավասարակշռության հնարավորություն: Բանկերը հետաքրքրված են իրենց գործունեության արժեքի նվազեցման, իսկ կարգավորիչը` բանկային բիզնեսի անվտանգության մեջ: Եվ այս առումով յուրաքանչյուր կողմին կարելի է հասկանալ:    

*******

Բազել III-ի ստանդարտները, որոնք այսօր ներդրվում են Ռուսաստանում, ձեւավորվել են այլ ժամանակաշրջանում: Այն ժամանակ խաղաղություն էր տիրում, իսկ այժմ պատերազմ է ֆինանսական ոլորտում`10-ից ավել խոշոր բանկեր գտնվում են ոլորտային, 16-ը`անհատական պատժամիջոցների տակ: Եվ սա չի կարելի հաշվի չառնել: Այսօր կապիտալի միակ աղբյուրը շահույթն է: Ուստի մենք պետք է էժանացնենք բանկային բիզնեսը:  

Հիշեցնենք, որ ֆորումի ընթացքում հայտարարվեց «Արմենիան Քարդ» եւ «Միր» վճարահաշվարկային համակարգերի համագործակցության մեկնարկի մասին, համաձայն որի՝ այս տարվա հուլիսից Ռուսաստանի տարածքում կսպասարկվեն ArCa, իսկ Հայաստանում՝ «Միր» քարտերը:
Դիտում՝ 13847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo