Հուլիսից ArCa քարտերը կսպասարկվեն նաեւ Ռուսաստանում
13.07.2017 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ clipartfest.com

Այս մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով նախօրեին կայացած միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ինչպես նշել են ԿԲ-ում, Հայաստանի եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկերի, ինչպես նաեւ երկու երկրների ազգային քարտային համակարգերի օպերատորների կողմից «կատարվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում հնարավոր է դարձել այս նախագծի իրագործումը»:
«Տարեկան կտրվածքով Ռուսաստանից Հայաստան այցելում է մոտ 273 հազ. զբոսաշրջիկ, որը կազմում է այլ երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 22%-ը: Եթե նախկինում Հայաստանում եւ/կամ Ռուսաստանում ապրանքների, ծառայությունների համար վճարումներ կամ հաշվից կանխիկացում կատարելու համար զբոսաշրջիկները պետք է ունենային միջազգային վճարային համակարգերի քարտեր, ապա այժմ բավարար կլինի ArCa կամ «Միր» համակարգերի քարտերի առկայությունը»,- ասված է հաղորդագրությունում:
ԿԲ-ում նշել են, որ նախաձեռնության առավելություններից է նաեւ այն, որ քարտային գործարքներ կատարելիս գործարքի բոլոր մասնակիցներին նախապես հայտնի կլինի արժույթի փոխարկման փոխարժեքը: Բացի այդ, նախատեսվում է, որ կիրառվող փոխարժեքը կլինի առավել բարենպաստ միջազգային համակարգերի կողմից կիրառվող փոխարժեքի համեմատ:
«Այս նախագիծն իր բնույթով առաջինն է ԵԱՏՄ երկրների շրջանակում, ինչը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության բարձր մակարդակի մասին՝ ուղղված երկու երկրների քաղաքացիներին բարձորակ ծառայությունների մատուցմանը, անկանխիկ վճարումների զարգացմանը եւ ազգային համակարգերի քարտային գործարքների սպասարկման աշխարհագրության ընդլայնմանը»,- նշված է հաղորդագրությունում:
ԿԲ-ում հիշեցրել են, որ հուլիսի 7-ին ԿԲ խորհրդի որոշմամբ «Միր» քարտային վճարային համակարգն ընդգրկվել էր վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, իսկ «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային կազմակերպությունը «Միր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն էր ստացել:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: