Fitch-ը Հայաստանի վարկանիշը պահպանել է «B+» մակարդակում

03.07.2017 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #վարկանիշ
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատել է «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:

Հայաստանի՝ առաջնային չապահովված արտարժութային պարտատոմսերի թողարկողի վարկանիշը նույնպես հաստատվել է «B+» մակարդակում:

Միաժամանակ, Fitch-ը շնորհել է Հայաստանին արտարժույթով եւ տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ «B» վարկանիշ, իսկ երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում:

Վարկանիշը պայմանավորող հիմնական գործոնները

Հայաստանի «B+» վարկանիշը պայմանավորված է երկրում մեկ շնչի հաշվով եկամուտների եւ կառավարման ցուցանիշների համեմատաբար բարձր մակարդակով, վստահելի մոնետար քաղաքականությամբ, արտաքին անհավասարակշռությունների կրճատմամբ եւ պետական պարտքի նպաստավոր կառուցվածքով:

Fitch-ի վարկանիշի վրա բացասական ազդեցություն են թողել զուտ արտաքին պարտքի բարձր մակարդակն ու բյուջեի մեծ պակասուրդը՝ հանգեցնելով պարտքային բեռի ավելացմանը, ինչպես նաեւ արտաքին ցնցումների առկայությունը, բանկային համակարգում դոլարիզացիայի բարձր մակարդակն ու «որոշ հարեւան երկրների հետ լարված հարաբերությունները»:

«Երկիրը շարունակում է վերականգնվել արտաքին գործոնների հետեւանքով 2014-2015 թթ. առաջացած ցնցումներից: ՀՆԱ-ի աճը զգալիորեն վերականգնվել է՝ 2017թ. առաջին եռամսյակում հասնելով 6,5%-ի՝ 2016թ. աճի դանդաղ՝ 0,2% ցուցանիշից հետո: Fitch-ը վերանայել է 2017թ. Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով այն 3,4%-ի, որը կարող է ավելի բարձրացվել հանրային հատվածում սպասվածից ավելի մեծ կապիտալ ծախսերի կատարման եւ արտահանման արագ աճի պայմաններում: Տնտեսական աճի հետագա արագացում կարող է նկատվել նաեւ 2018-2019 թթ., սակայն միջնաժամկետ ժամանակահատվածում աճի դրական հեռանկարների համար կպահանջվի ներդրումային միջավայրի հետագա բարելավում, քանի որ ներդրումների ծավալը դեռեւս ցածր է եւ կազմում է ՀՆԱ-ի 18,4%-ը»,-  կարծում են գործակալության վերլուծաբանները:
 
Fitch-ի բնորոշմամբ՝ արտահանման արագ աճի շնորհիվ Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը մնացել է կայուն մակարդակի վրա՝ կազմելով ՀՆԱ-ի 2,7%-ը:  Ընդ որում, գործակալությունը կարծում է, որ սպառողական գների վերականգնումը, արտահանման դիվերսիֆիկացման ավելացումն ու Ռուսաստանի տնտեսության կայունացումը կնպաստեն արտահանման եւ տրանսֆերտների ավելացմանը՝ ընթացիկ հաշվի պակասուրդը 2017-2018 թթ. հասցնելով միջինում 2,1%-ի:

«Ընթացիկ հաշվի պակասուրդի ցածր մակարդակը կօգնի մեղմել Հայաստանի արտաքին խոցելիությունը՝ կապված երկրի փոքր չափերի, սպառման կախվածության հետ՝ միաժամանակ նպաստելով զուտ արտաքին պարտքի բարձր ցուցանիշի (ՀՆԱ-ի 46,7%) որոշակի կայունացմանը»,- գրում է գործակալությունը:

Fitch-ի վերլուծաբանները նշում են, որ տարեսկզբից մինչ այսօր ՀՆԱ-ի եւ եկամուտների արդյունավետ կատարողականը հնարավորություն է տվել կառավարությանն ընդլայնել կապիտալ ծախսերը՝ առանց նախապես սահմանված բյուջեների պակասուրդի ավելացման:

Գործակալության կանխատեսմամբ՝ Հայաստանի բյուջեի ընդհանուր պակասուրդը 2017-ին կկազմի ՀՆԱ-ի 3,3%-ը՝ 2016-ի 5,5%-ի եւ կանխատեսված 3,5%-ի փոխարեն:

«Հայաստանը դեռեւս խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ, սակայն ցուցաբերել է դրանք «կլանելու» ունակություն եւ ունի վստահելի դրամավարկային քաղաքականություն: 16 ամիս անց՝ ապրիլին, երկիրը դուրս է գնանկումային միջավայրից: Գնաճի մակարդակը 2017-ին կկազմի միջինը 1,6% եւ կմնա համեստ մակարդակի վրա կանխատեսվող ժամանակահատվածում»,- ասված է զեկույցում:

Բանկերը Կենտրոնական բանկի պահանջին բավարարելու համար ավելացրել են կապիտալիզացիան հիմնականում բաժնետերերի ներդրումների միջոցով՝ առանց պետական աջակցության անհարժեշտության: Չաշխատող վարկերը համակարգում ապրիլին կազմել են 7,3%: Արտարժույթով վարկերի եւ ավանդների բաժինը շարունակում է մնալ 60%-ից բարձր:

Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին՝ Fitch-ը նշում է, որ դրանք «ընթացել են խաղաղ, եւ արդյունքներն ընդունելի են եղել ընդդիմադիր կուսակցությունների համար: Իսկ կառավարման նոր ձեւի անցումից տնտեսական քաղաքականության ընդհանուր ուղղվածության փոփոխություն չի ակնկալվում»:

«2016թ. ապրիլի քառօրյա հակամարտությունից հետո Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ընդհարումները շարունակվում են 2016թ. վերջի տեմպերով: ԼՂ շուրջ պաշտոնական բանակցությունները սառած վիճակում են, հետեւաբար առկա է կոնֆլիկտի հետագա սրացման զգալի ռիսկ»,- կարծում է Fitch-ը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Fitch-ը Հայաստանին շնորհել էր միեւնույն «B+» վարկանիշը 2017թ. հունվարին:
Դիտում՝ 19504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai