Fitch-ը ՀՀ վարկանիշը պահպանել է «B+» մակարդակում

21.01.2017 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:

Միաժամանակ, Fitch-ը շնորհել է Հայաստանին տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ «B» վարկանիշ, իսկ երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում:

Վարկանիշը պայմանավորող հիմնական գործոնները

Հայաստանի «B+» վարկանիշը պայմանավորված է երկրում մեկ շնչի հաշվով եկամուտների եւ  մարդկային զարգացման համեմատաբար բարձր մակարդակով, վստահելի մոնետար քաղաքականությամբ եւ պետական պարտքի մարման երկար ժամկետայնությամբ:

Fitch-ի վարկանիշի վրա բացասական ազդեցություն են թողել զուտ արտաքին պարտքի բարձր մակարդակն ու բյուջեի մեծ պակասուրդը՝ հանգեցնելով պարտքային բեռի ավելացմանը, բանկային համակարգում դոլարիզացիայի բարձր մակարդակն ու «որոշ հարեւան երկրների հետ լարված հարաբերությունները»:

«Տնտեսական աճը Հայաստանում դանդաղել է: Մեր գնահատականներով՝ 2016թ. վերջին այն կկազմի շուրջ 0,8%՝ արտացոլելով թույլ ներքին պահանջարկը, որը մասամբ պայմանավորված է տրանսֆերտների կրճատմամբ: Այդուհանդերձ, աճի տեմպը գնալով կարագանա՝ 2017-ին եւ 2018-ին հասնելով համապատասխանաբար 2,1% եւ 3,1%՝ կապված Ռուսաստանում տնտեսության դրական տեղաշարժով եւ  ապրանքների գների համեստ վերականգնմամբ: 2017-ին նախատեսվող բյուջեի օպտիմալացման քաղաքականությունը կարող է Հայաստանի վերականգնման ճանապարհին ռիսկեր առաջացնել»,- կարծում են գործակալության վերլուծաբանները:

Fitch-ի կանխատեսմամբ՝ ՀՀ պետական պարտքը 2016-ին կհասնի ՀՆԱ-ի 56,8%-ին, ինչը կստիպի կառավարությանը պետական բյուջեի դեֆիցիտը պլանավորել վերջին 3 տարիների ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3%-ից էլ ցածր՝ համապատասխանելու կառավարության պարտքի մասին օրենքի պահանջներին (չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60%-ը-խմբ.):

«Հայաստանը ցուցաբերել է ցնցումները «կլանելու» ունակություն եւ ունի վստահելի դրամավարկային քաղաքականություն: Գնաճի տարեկան ցուցանիշը շարունակել է մնալ բացասական՝ նոյեմբերին կազմելով -0,6%, սակայն սպասվում է, որ 2017-2018 թթ. այն աստիճանաբար կմոտենա Կենտրոնական բանկի նպատակադրած 4%-ին»,-գրում է գործակալությունը:

Fitch-ի գնահատականով՝ ընթացիկ հաշվի պակասուրդը 2016-ին կազմել է ՀՆԱ-ի 2,1%-ը՝ արտացոլելով առեւտրի հաշվեկշռի շարունակական բարելավումը՝ կապված արտահանման զգալի աշխուժացման եւ ներմուծման թույլ աճի հետ:
 
Կանխատեսում է, որ ընթացիկ հաշիվ պակասուրդը 2017-2018 թթ. միջինում կկազմի 4%՝ շնորհիվ ճնշված ներքին պահանջարկի վերականգնման, Ռուսաստանում աճի վերականգնման, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, նավթի միջազգային գների չափավոր բարձրացման եւ 2018թ. ոսկու նոր հանքավայրի շահագործման հեռանկարի:

«Չաշխատող վարկերը 2016-ին ավելացել են՝ նոյեմբերի վերջին կազմելով ընդհանուրի 8,2%-ը, այդուհանդերձ, ֆինանսական հատվածում նկատվում է կայունացում եւ խոցելիության նվազեցման միտում: Առեւտրային բանկերը շուրջ 18,3%-ով (2016-ի 3-րդ եռամսյակի տվյալներով) ավելացրել են կապիտալը եւ բավարարել ԿԲ նորմատիվային նոր պահանջը: Ընդ որում, կապիտալիզացիան իրականացվել է գլխավորապես բաժնետերերի ներդրումների հաշվին, եւ պետության միջամտության անհրաժեշտություն չի զգացվել»,- կարծում են վերլուծաբանները:

Անդրադառնալով 2017թ. ՀՀ-ում կայանալիք քաղաքական ընտրություններին՝ Fitch-ն ընդգծել է, որ դրանք էական ազդեցություն չեն ունենա տնտեսական քաղաքականության վրա:

Գործակալությունը նաեւ նշել է, որ ԼՂ տարածաշրջանի շուրջ «սառած» հակամարտությունն ապրիլյան սրացումից հետո վերադարձել է իր նախկին վիճակին՝ արձանագրելով հատուկենտ բախումներ:

Այսպիսով, հեղինակավոր Fitch գործակալության գնահատմամբ, ՀՀ վարկանիշի վրա դրական ազդեցություն կարող են ունենալ ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի կրճատումն ու արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումը, իսկ բացասաբար կարող են անդրադառնալ ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հետագա աճը՝ բյուջեի օպտիմալացման քաղաքականության ձախողման եւ աճի ոչ բավարար մակարդակի ապահովման հետեւանքով, ինչպես նաեւ արտարժութային պահուստների զգալի անկումը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Fitch-ը Հայաստանին շնորհել էր միեւնույն «B+» վարկանիշը 2016թ. հուլիսին:

Դիտում՝ 16189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai