Fitch-ը բարձրացրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչեւ 3,5%

23.07.2016 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է  Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:

Գործակալությունը հաստատել է նաեւ երկրի արտարժույթով առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշը «B+» մակարդակում, առաստաղային վարկանիշը՝ «BB-» մակարդակում, իսկ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ «B» մակարդակում:

Միաժամանակ, Fitch-ը շնորհել է Հայաստանին տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ «B» նոր վարկանիշ:

Վարկանիշը պայմանավորող հիմնական գործոնները

Fitch-ի շնորհած «B+» վարկանիշը հիմնված է Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրով, մեկ շնչին ընկնող եկամուտի համեմատաբար բարձր մակարդակով, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից իրականացվող ընդլայնված ծրագրով, ինչպես նաեւ պետական պարտքի մարման երկար ժամկետով եւ ցածր տոկոսադրույքով:

Միաժամանակ, վարկանիշը նվազեցնող գործոնների շարքում են զուտ արտաքին պարտքի բարձր մակարդակը, որի հիմնական մասն արտարժույթով է, դոլարիզացված բանկային հատվածը եւ որոշ հարեւան երկրների հետ ՀՀ լարված հարաբերությունները:

«ՀՀ տնտեսությունը շարունակում է աճել առողջ տեմպերով, որոնք, ակնկալում ենք, որ կպահպանվեն կանխատեսվող հորիզոնում՝ չնայած Ռուսաստանից եւ ԱՊՀ մյուս երկրներից եկող բացասական ցնցումներին: Հայաստանը 2014թ.-ից բախվել է լուրջ արտաքին տնտեսական մարտահրավերների՝ կապված նավթի գների կտրուկ անկման հետեւանքով ԱՊՀ տարածաշրջանի նավթ արտահանող երկրների տնտեսության կրճատման հետ: Այնուամենայնիվ, ՀՀ տնտեսությանը հաջողվել է 2015թ.-ին արձանագրել է 3% աճ՝ զուտ արտահանման ցուցանիշի բարելավմամբ, որը հակակշռել է թույլ ներքին պահանջարկը: Դրամի արժեզրկումը, արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացիան եւ հանքարդյունաբերության ոլորտում արտահանման հնարավորությունների ավելացումն օգնել են չեզոքացնել տրանսֆերտների ներհոսքի կրճատման եւ արտահանման նկատմամբ պահանջարկի անկման ազդեցությունը»,- գրում է գործակալությունը:

Fitch-ի բնորոշմամբ, ՀՀ տնտեսությունում տարին հաջող է սկսվել. 1-ին եռամսյակում գրանցվել է 4,4% աճ, որի վրա էական ազդեցություն են թողել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու որոշ ծառայություններ:

Գործակալությունը բարելավել է 2016թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 2%-ից հասցնելով 3,5%, որը դեռեւս ցածր է «B» խմբի երկրների միջին ցուցանիշից (4,2%): Ընդ որում, Fitch-ի գնահատականներով, ՀՆԱ-ի աճը 2017-18 թթ. կկազմի միջինում 3,6%, երբ Ռուսաստանի տնտեսությունում սկսվի աճի միտում եւ տարածաշրջանում արձանագրվի ընդհանուր պահանջարկի ավելացում:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրացմանը, Fitch-ը ընդգծել է, որ վերջինս շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ վարկանիշի վրա: Գործակալությունը հավատացած է, որ Մինսկի խմբի միջնորդությամբ հնարավոր կլինի մեղմել լարվածությունը, այնուամենայնիվ, «երկրների մինչեւ առաջիկայում հարաբերությունների կարգավորում չի ակնկալվում»:

«Չնայած 2014թ.-ի վերջին դրամի կտրուկ արժեզրկմանն ու վարկերի՝ 65%-ից բարձր դոլարիզացիային՝ բանկային հատվածում իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի: Ակտիվների որակը որոշակիորեն վատացել է, չաշխատող վարկերի տեսակարար կշիռն անցել է 10%-ը: Բանկերի շահութաբերությունը շարունակում է մնալ «ճնշված», ինչը, սակայն, աստիճանաբար կբարելավվի ներքին տնտեսության ակտիվացմանը զուգընթաց»,- ընդգծել է Fitch-ը:

Միաժամանակ, գործակալությունն ակնկալում է, որ բանկերի առանց այդ էլ բավարար կապիտալիզացիայի մակարդակը կշարունակի աճել՝ կապված 2017թ. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամի հասցնելու որոշման հետ:

Այսպիսով, հեղինակավոր Fitch գործակալության գնահատմամբ, ՀՀ վարկանիշի վրա դրական ազդեցություն կարող են ունենալ արտաքին տնտեսական իրավիճակի բարելավում ու ՀՀ տնտեսության՝ դրան հարմարվելը, ինչպես նաեւ երկրում ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի կրճատումը, իսկ բացասաբար կարող են անդրադառնալ Ռուսաստանի տնտեսության հետագա վատթարացումը, ՀՀ արտաքին պահուստների կրճատումն ու արտաքին պարտքի հետագա աճը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Fitch-ը Հայաստանին շնորհել էր միեւնույն «B+» վարկանիշը 2016թ. հունվարին:

Fitch-ը բարձրացրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչեւ 3,5%
Դիտում՝ 13253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai