Հայէկոնոմբանկը կունենա շուրջօրյա սպասարկման սրահ

26.06.2017 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Մերի Սուքիասյան
Հայէկոնոմբանկն այս տարվա սեպտեմբերին նախատեսում է շուրջօրյա սպասարկման սրահ բացել:

Այս մասին բանկի տարեկան ժողովի ավարտին Banks.am-ի հետ զրույցում նշել է Հայէկոնոմբանկի Աշխատակազմի ղեկավար Մերի Սուքիասյանը:

«Այս տարի մենք ունենալու ենք ոսկե սեպտեմբեր. նախ, պլանավորում ենք Թումանյան փողոցի վրա բացել մեր նորաոճ եւ նորարարական «Նանո» մասնաճյուղը՝ հագեցած գերժամանակակից եւ հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով: Այդ մասնաճյուղում մեր բազմազբաղ եւ ժամանակը գնահատող հաճախորդները հնարավորություն կունենան կատարել տարատեսակ գործարքներ մասնաճյուղի շուրջօրյա սպասարկման սրահում՝ օրվա ցանկացած ժամին: Մարդկային շփումը կարեւորող ու մեր աշխատակիցների խորհրդատվության կարիքն ունեցող հաճախորդներին սիրով սպասում ենք շարունակաբար վերազինվող եւ մասնաճյուղային լայն ցանցը համալրող մեր սպասարկման կետերում»,- ասել է Մերի Սուքիասյանը:

Նա ընդգծել է, որ Հայէկոնոմբանկը լայնամասշտաբ միջոցառումներ է իրականացնելու նոր տեխնոլոգիաների ներդրման եւ մարքեթինգային արշավների մեկնարկի ուղղությամբ:

«Շուտով բանկը նախատեսում է ներդնել նաեւ այս թվային դարաշրջանում արդիական համարվող բանկային հաշիվների հեռահար կառավարման այնպիսի համակարգեր, ինչպիսիք են mobile եւ online banking-ի նոր հավելվածները՝ դրանք զուգակցելով միջազգային փորձով եւ ձեւավորելով բանկային ծառայությունների լրամշակված նոր փաթեթներ»,- հավելել է մեր զրուցակիցը:

Մերի Սուքիասյանն ընդգծել է, որ «այս համակարգերի ներդրումը ժամանակի հրամայական է, եւ Հայէկոնոմբանկի հաճախորդը պետք է հնարավորություն ունենա իր համար հարմար վայրում կատարել ցանկացած գործարք՝ առանց բանկ այցելելու»:

Անդրադառնալով 2016-ի ցուցանիշներին՝ «Հայէկոնոմբանկի ներկայացուցիչը նշել է, որ բանկը ճիշտ լուծում եւ հերթականություն պահանջող քայլերի, թիմային մոտեցման եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ հաջողությամբ լուծել է ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած՝ կապիտալի նվազագույն պահանջը բավարարելու ուղղությամբ տարվող միջոցառումների շարքը»:

Նախորդ տարվա կարեւորագույն ձեռքբերումների թվում բանկի աշխատակազմի ղեկավարն առանձնացրել է ԲՏԱ Բանկի միացումը Հայէկոնոմբանկին:

«Միեւնույն ժամանակ, մեզ հաջողվեց զգալի աճ գրանցել ֆինանսական հիմնական բոլոր ցուցանիշների գծով` բանկի ընդհանուր ակտիվների, հաճախորդներին տրված վարկերի, հաճախորդներից ներգրավված ավանդների, բանկի ընդհանուր կապիտալի հոդվածներով, ինչը վկայում է հաճախորդների եւ գործընկեր կազմակերպությունների կողմից մեր նկատմամբ շարունակաբար աճող վստահության եւ ճիշտ կորպորատիվ մշակույթ շարունակելու մեր ընտրած ուղու մասին»,- նշել է Մերի Սուքիասյանը:

Մեր զրուցակիցը վստահեցրել է, որ «Հայէկոնոմբանկի բաժնետերերը եւ ղեկավար կազմը շարունակելու են մշակել զարգացմանը միտված նոր ծրագրեր, ձգտելու են յուրահատուկ գործելաոճով առավել գրավիչ եւ օգտակար դառնալ հասարակության լայն շերտերի համար՝ զուգահեռաբար ձեւավորելով եւ առաջարկելով ժամանակին համընթաց նոր, արդիական լուծումներ»:
Դիտում՝ 8110
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai