Հայէկոնոմբանկը 2016-ն ամփոփել է ցուցանիշների աճով

23.06.2017 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Սարիբեկ Սուքիասյան
Հայէկոնոմբանկն այսօր բաժնետերերի տարեկան ժողովում ամփոփել է 2016թ. ֆինանսական արդյունքները՝ գրանցելով աճ հիմնական ցուցանիշների գծով:

«Հայէկոնոմբանկի համար տարին նշանավորվեց կարեւոր ձեռքբերումներով` խոշորացմամբ, ցուցանիշների զգալի աճով, շուկայում դիրքի ամրապնդմամբ եւ միջազգային գործընկերների հետ կապերի ընդլայնմամբ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ակտիվների 34,9%, հաճախորդներին տրված վարկերի`26,8%, պարտավորությունների՝ 27% եւ շահույթի 31,4% աճ:
 
2016թ. ընթացքում բանկն ապահովել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույնը 30 մլրդ դրամ նորմատիվային կապիտալի պահանջը` ի հաշիվ ԲՏԱ Բանկի միացման եւ բաժնետոմսերի նոր տեղաբաշխումների: Արդյունքում, բանկի կապիտալն աճել է մոտ 3 անգամ, իսկ բաժնետերերի քանակն ավելացել մոտ 2 հազ-ով` հասնելով 3 350-ի:
 
Ընդլայնվել է նաեւ բանկի մասնաճյուղային ցանցը: Ներկայում Երեւանում, մարզերում եւ Արցախում բանկն ունի 49 մասնաճյուղ, որտեղ սպասարկվում է մոտ 159 հազ. հաճախորդ:

«Միջազգային ֆինանսավարկային շուկայում Հայէկոնոմբանկը շարունակվում է դիտվել որպես հուսալի գործընկեր եւ կայուն զարգացող կազմակերպություն: 2016թ. ընթացքում բանկն էլ ավելի խորացրեց համագործակցությունը գործընկեր միջազգային ֆինանսական կառույցների հետ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, Գերմանահայկական հիմնադրամ, Միջազգային ֆինանսական կորպորացիա, Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկ, ԲլուՕրչարդ գլոբալ միկրոֆինանսավորման հիմնադրամ, Սիմբիոտիքս, Ինքոֆին ներդրումային ընկերություններ եւ այլն»,- նշել են բանկում:
 
Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը 2016-ը որակել է որպես «ձեռքբերումների եւ վերելքի տարի՝ վստահեցնելով, որ չեն բավարարվելու վերը նշած ձեռքբերումներով  եւ շարունակելու են մշակել զարգացմանը միտված նոր ծրագրեր»:
 
Տարեկան ժողովում որոշվել է բաժնետերերին շահաբաժիններ վճարել, ինչը, ըստ Սարիբեկ Սուքիասյանի, «վառ ապացույց է, որ բանկում կատարված ներդրումը բաժնետիրոջ համար կայուն եկամտի երաշխիք է»:
 
Հայէկոնոմբանկում տեղեկացրել են, որ 2017թ. հունիսի 21-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 28,1 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը` ավելի քան 32 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 159,3 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 93,1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները՝ 33,8 մլրդ դրամ, շահույթը՝ 334,8 մլն դրամ: Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում եւ Արցախում, ներառյալ՝ գլխավոր գրասենյակը:
Դիտում՝ 5401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai