Մեկնարկել է Բնակարանային ֆինանսավորման ծրագրի 4-րդ փուլը

01.02.2017 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկել է Հայաստանի եւ Գերմանիայի ֆինանսական համագործակցության շրջանակում գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող Բնակարանային ֆինանսավորման ծրագրի 4-րդ փուլը:

Ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է €20 մլն-ին համարժեք դրամ, որն «Ազգային հիփոթեքային ընկերության» միջոցով կտրամադրվի գործընկեր ֆինանսական կազմակերպություններին:

Ինչպես նշել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» (ԱՀԸ) ՎՎԿ-ի տնօրեն Հայկ Ոսկանյանը, ծրագրի այս փուլը տարբերվում է նախորդներից, քանի որ ունի կոնկրետ ուղղվածություն` էներգախնայող բնակարանային ֆինանսավորում եւ մարզերում հիփոթեքային վարկավորում:

Ընդ որում, մարզային եւ էներգախնայող վարկերը տրամադրվելու են շուկայական միջին տոկոսադրույքից առնվազն 1% ավելի ցածր` կախված կոնկրետ ֆինանսական կազմակերպության քաղաքականությունից:

Հայկ Ոսկանյանի խոսքով` ծրագիրը կուղղվի ինչպես էներգաարդյունավետ բնակարանների կառուցմանն ու էներգախնայող վերանորոգմանը, այնպես էլ երկրորդային շուկայում նման ստանդարտներին բավարարող բնակարանների ձեռքբերմանը:

Ինչ վերաբերում է մարզերում հիփոթեքային վարկավորմանը, Ազգային հիփոթեքային ընկերության տնօրենը նշել է, որ վարկառուի` գյուղատնտեսական եկամուտ ունենալու պարագայում նախատեսվում է վարկի մարման գրաֆիկը հարմարեցնել եկամուտների սեզոնայնությանը, իսկ մարզերում 2 մլն դրամից ցածր անշարժ գույք ձեռք բերելու, կառուցելու կամ վերանորոգելու դեպքում գրավի պահանջ չի լինելու` պայմանավորված այդ գույքի գնահատման եւ իրացման հետ կապված դժվարություններով:  

«Մենք հնարավորինս թեթեւացրել ենք ֆինանսավորման պայմանները` խթանելու մարզերում եւ, հատկապես, գյուղական վայրերում հիփոթեքի տրամադրումը»,- ընդգծել է Հայկ Ոսկանյանը:

Գերմանական KfW բանկի Ֆրանկֆուրտի գրասենյակի` նշված ծրագրի կոորդինատոր Յուդիթ Բոնքն էլ ասել է, որ ծրագրի այս փուլը մեկնարկել է` ելնելով նախորդների հաջող փորձից:

«Մենք հասկացանք, որ հասունացել է պահն էներգաարդյունավետության շեշտադրումով ֆինանսավորման տրամադրման համար: Այն նախապես քննարկվել է հայաստանյան բանկերի հետ, որպեսզի մոտեցումը լինի առավել պրագմատիկ, շուկայում ներդրվեն նոր ստանդարտներ` միաժամանակ պահպանելով ծրագրի իրատեսականությունն ու հետզհետե ավելացնելով դրա արդյունավետությունը»,- ընդգծել է Յուդիթ Բոնքը:  

ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն էլ նկատել է, որ շուկայում էներգախնայող վարկերի նկատմամբ բավական մեծ պահանջարկ կա:

«Հայաստանում հիփոթեքային վարկավորման միջին տոկոսադրույքը կազմում է շուրջ 12%, որը բավական լուրջ ձեռքբերում է` հաշվի առնելով ֆինանսական համակարգում երկարաժամկետ խնայողությունների փոքր ծավալը: Այս ծրագիրը հնարավորություն կտա երկարացնել վարկերի ժամկետայնությունն ու նվազեցնել տոկոսադրույքները»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը:

Դիտում՝ 7240
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai