Վարդան Արամյան. 2017-ը կայունացման տարի կլինի

23.12.2016 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր նշել է, որ 2017թ. կայունացման տարի է լինելու:

Այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ներկայացնելով ոլորտում 2016թ.-ի արդյունքներն ու 2017թ.-ի սպասումներն ու մարտահրավերները:

Վարդան Արամյանը գալիք տարվա համար իրական ՀՆԱ-ի 3,2% աճ է կանխատեսել` այն մեծապես պայմանավորելով արտաքին միջավայրում սպասվող դրական զարգացումներով:

«Վերջին երկու տարիներին ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդակներ, անընդմեջ դիտվել է տրանսֆերտների անկում, ինչն ազդել է բնակչության գնողունակության եւ սպառման վրա` դրսեւորվելով նաեւ ներքին առեւտրի ցուցանիշներում: Սակայն տնտեսական ակտիվության նոյեմբերյան ցուցանիշների հրապարակումով ականատես եղանք, որ առեւտրի ծավալն աճել է 0,3%-ով, ինչը փաստում է այն մասին, որ սպառման ոլորտում ունեցել ենք շրջման կետ եւ անկման միտումը փոխարինվել է աճով»,-ընդգծել է նա` հավելելով, որ իրավիճակի բարելավման մասին է վկայում նաեւ ներմուծման 2%-անոց աճը:

Մինչդեռ, ըստ նախարարի, տնտեսական աճն այս տարի նախատեսվածից ցածր կլինի:  

Վարդան Արամյանի խոսքով` 2016թ. պետբյուջեի հիմքում դրված 2,2% տնտեսական աճի փոխարեն տարեվերջին կունենանք 0,5% աճ: Պատճառը, ըստ նախարարի, գյուղատնտեսության ոլորտում չնախատեսված զարգացումներն են:

«Բոլոր ճյուղերում զարգացումները համահունչ են մեր ակնկալիքներին. արդյունաբերությունում կանխատեսում էինք 6%-ից բարձր աճ եւ,մեր կարծիքով, տարին կփակենք 6,2%-ով, կապահովենք նաեւ ծառայությունների ոլորտում նախատեսված 4,4% աճը: Գյուղատնտեսության մասով կանխատեսել էինք դրական աճ, բայց հաշվի առնելով վերջին զարգացումները` ամենայն հավանականությամբ, այն կլինի բացասական»,- ասել է նա:

2016թ. օգոստոսին  նախորդ տարվա օգոստոսի համեմատ գյուղոլորտում արձանագրվել է 9,6% աճ, իսկ սեպտեմբերին եւ հոկտեմբերին` համապատասխանաբար 20% եւ 30% անկում:

Նախարարն արձանագրված անկումը պայմանավորել է ոչ թե տնտեսական ցնցումներով, այլ հաշվառման մեջ առկա անճշտություններով, քանի որ ոլորտը չի հարկվում, եւ վիճակագրությունը հավաքագրվում է հարցումների միջոցով:

«Բոլոր այն տարիներին, երբ դիտվել է գյուղատնտեսության կտրուկ անկում, գներն անմիջապես արձագանքել են, իսկ այս տարի գնային բարձրացում չենք ունեցել»,- պարզաբանել է նա:

Խոսելով բյուջետային ցուցանիշների մասին` Վարդան Արամյանը նշել է, որ այս տարի հարկային եկամուտները կկազմեն առնվազն 1,72 տրլն դրամ: Նրա բնորոշմամբ` հարկերի հավաքելիության վրա բացասաբար է անդրադարձել նաեւ Լարսի անցակետի փակ լինել:

Գնահատվում է, որ բյուջեի պակասուրդը տարեվերջին չի գերազանցի 305 մլրդ դրամը, որը ՀՆԱ-ի 5,8%-ն է, իսկ պետական ընդհանուր պարտքը կկազմի $5,9 մլրդ կամ ՀՆԱ-ի 55,5%-ը:

Նախարարը նշել է, որ 2017թ.-ին ներդումների ներգրավումը շարունակելու է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում:

Այն հարցին, թե արդյոք  «Սեքյուրիթի դրիմ» եւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունների` սեփականության ձեւով պայմանավորված գործառույթների փոխանցումը պետական կառույցներին բացասական ազդակ չի լինի օտարերկյա ներդրողների համար, նախարարը նշել է, որ գործընթացը, ըստ էության, ազգայնացում չէ, եւ այդ ընկերությունների հետ համաձայնությունը ձեռք է բերվել փոխշահավետ պայմաններով` բանակցությունների արդյունքում:

Դիտում՝ 4279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai