ԵԱԶԲ-ն բարձրացրել է ՀՀ-ում տնտեսական աճի կանխատեսումը

15.07.2016 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկը 2016թ. Հայաստանում կանխատեսում է 2,6% տնտեսական աճ՝ նախկին 2,2-2,5%-ի փոխարեն՝ կապված տնտեսական ակտիվության ցուցանիշների աճի հետ:

Այս մասին ասված է ԵԱԶԲ-ի հրապարակած հուլիսյան մակրոտնտեսական զեկույցում:

«Չնայած պետական եւ մասնավոր հատվածում իրական աշխատավարձերի աճին՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացումը կճնշի ՀՀ սպառողական պահանջարկի վերականգնումը՝ եկամուտների անկման եւ դրամական փոխանցումների կրճատման միջոցով»,- ասված է զեկույցում:

ԵԱԶԲ-ի բնորոշմամբ՝ թույլ ներքին պահանջարկի պայմաններում հանքարդյունաբերության ծավալների աճն ու արտահանման ավելացումը կշարունակեն մնալ 2016թ. ՀՀ տնտեսական աճի հիմնական շարժիչը:

Միաժամանակ, զեկույցի հեղինակները կարծում են, որ ներքին պահանջարկի խթանման նպատակով վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումն ու ներդրումների ներգրավմանն ուղղված կառավարության քայլերը կնպաստեն վարկավորման ծավալների աճին՝ ձեւավորելու հիմքեր կայուն տնտեսական զարգացման համար:

ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ միջնաժամկետում ներքին պահանջարկի ակտիվացման եւ ենթակառուցվածքային ծրագրերի իրագործմանը զուգընթաց տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ 2017թ. հասնելով 4,2%-ի, իսկ 2018թ.՝ 4,1%-ի:

«Սպառողական գների դինամիկան գտնվում է էներգակիրների եւ պարենային ապրանքների շարունական գնանկման ազդեցության ներքո: Գնաճը որոշակիորեն կարագանա, սակայն ամբողջ 2016թ. ընթացքում կշարունակի գտնվել ԿԲ-ի կողմից սահմանված թույլատրելի տատանումների սահմաններից ցածր՝ տարեվերջին կազմելով -0,3%»,- նշվում է զեկույցում:

Այդուհանդերձ, կազմակերպությունը 2017թ. եւ 2018թ. կանխատեսում է գնաճի արագացում՝ կապված ներքին պահանջարկի աճի, իրական արդյունավետ փոխարժեքի աստիճանական թուլացման, ինչպես նաեւ ներմուծվող հումքի եւ ապրանքների գնաճի հետ:

Համեմատության համար նշենք, որ 2016թ. ՀՀ պետբյուջեի հիմքում դրվել է տնտեսական աճի 2,2%-ի կանխատեսումը: Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար կանխատեսում է 2,25-2,5%, Համաշխարհային բանկը՝ 1,9%, Moody’s-ը` 2,2%, իսկ Fitch-ը` 2% տնտեսական աճ:

Դիտում՝ 12269
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai