Fitch. ՀՀ տնտեսությունը խոցելի է արտաքին ռիսկերի նկատմամբ

25.01.2016 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է  Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:

Fitch-ը հաստատել է նաեւ Հայաստանի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները՝ արտարժույթով եւ ազգային արժույթով՝ «B+» մակարդակում: Երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է «BB-» մակարդակում, իսկ արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ B մակարդակում:

Վարկանիշը պայմանավորող հիմնական գործոնները

Հայաստանի «B+» վարկանիշը հիմնված է երկրում առկա մարդկային զարգացման եւ կառավարման ցուցանիշների համեմատաբար բարձր մակարդակով, բարենպաստ գործարար մթնոլորտով, ինչպես նաեւ տնտեսության կայունության աճով:

Այնուամենայնիվ, մի շարք գործոններ իրենց բացասական ազդեցությունն են թողնում վարկանիշի վրա, որոնց թվում գործակալությունն առանձնացնում է արտաքին շոկերի նկատմամբ երկրի խոցելիությունը, արտաքին պարտքի բարձր մակարդակն ու քաղաքական ռիսկերը:

«ՀՀ տնտեսությունը բավականին խոցելի է արտաքին ռիսկերի նկատմամբ. տնտեսական անկումը Ռուսաստանում, ինչպես նաեւ միջազգային շուկաներում ապրանքների գնանկումն իրենց բացասական ազդեցությունն են թողել Հայաստանի տնտեսության վրա՝ առաջ բերելով լուրջ ֆինանսական դժվարություններ 2014թ. վերջին, ինչպես նաեւ ներքին պահանջարկի զգալի անկում 2015թ.: Բավական է նշել, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստան մտնող տրանսֆերտների շուրջ 80%-ը, արտահանման 20%-ը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների 44%-ը: Բացի այդ, միայն պղնձի արտահանմումը կազմում է ՀՀ ընդհանուր արտահանման շուրջ 22%-ը, ընդ որում՝ 26%-ն էլ կազմում են մյուս հանքահումքային ապրանքները, մետաղներն ու ոսկին»,- նշում է գործակալությունը՝ հավելելով, որ տրանսֆերտները 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կրճատվել են շուրջ 33%-ով, իսկ պղնձի գների անկումը տարեվերջին կազմել է շուրջ 28%:

Այնուամենայնիվ, Fitch-ի բնորոշմամբ, Հայաստանն իրեն բավական կայուն է դրսեւորել առկա ցնցումների նկատմամբ՝ արձանագրելով առեւտրի բարձր ցուցանիշներ, պահպանելով միջազգային ֆինանսավորման հասանելիությունը, ինչպես նաեւ իրականացնելով արդյունավետ քաղաքականություն՝ ԱՄՀ ծրագրերի աջակցությամբ:

Ամեն դեպքում, գործակալության փորձագետների կարծիքով, դեռեւս վաղ է խոսել արտաքին շոկերի չեզոքացման մասին, քանի դեռ նավթի գները, ռուսական ռուբլին եւ պղնձի գները շարունակում են գտնվել ցածր մակարդակի վրա:

Գործակալությունը գնահատում է 2015թ. ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2,7%՝ հուլիսին կանխատեսված 1,5% ցուցանիշի փոխարեն: Ըստ Fitch-ի՝ 2015թ. ՀՀ առեւտրի ցուցանիշները կարելի է համարել գոհացուցիչ՝ չնայած ներքին պահանջարկի 4,9%-անոց անկմանը:

Այսպես, ներմուծումը նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կրճատվել է շուրջ 26%-ով, իսկ արտահանումը՝ ընդամենը 1%-ով՝ շնորհիվ Թեղուտի պղնձի հանքավայրի  շահագործման եւ առատ գյուղատնտեսական բերքի:

2016թ. Fitch-ը կանխատեսում է Հայաստանում ՀՆԱ-ի 2%-անոց աճ, որը 2017թ. կարող է հասնել 2,8%-ի՝ մեծապես կախված լինելով արտաքին միջավայրի փոփոխություններից:

Fitch-ը հայկական դրամի վարքագիծը բնորոշում է կայուն՝ 2014թ. հոկտեմբերից 2015թ. փետրվարը տեղի ունեցած 14%-անոց կտրուկ արժեզրկումից հետո: Ինչ վերաբերում է բանկային համակարգին, կապիտալի համարժեքության ցուցանիշը 2015թ. հոկտեմբերի տվյալներով կազմում է 15,9%, որը դեռ կշարունակի աճել՝ կապված ԿԲ-ի կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի բարձրացմանբ մինչեւ 30 մլրդ դրամ՝ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն:

«Բանկերի վարկավորման ծավալների աճը զգալիորեն դանդաղել է՝ հաջորդելով վերջին շրջանում նկատվող արագ ընդլայնմանը: Բացի այդ, արձանագրվել է չաշխատող վարկերի ծավալի աճ, որը, հոկտեմբերի տվյալներով, կազմում է շուրջ 8%՝ նախորդ տարվա 6,7%-ի փոխարեն, չնայած որ ՀՀ Կենտրոնական բանկն այն գնահատում է 3,8%: Դոլարիզացիայի մակարդակը երկրում թե՛ ավանդների եւ թե՛ վարկերի գծով շարունակում է մնալ բարձր՝ 65%, ինչը դարձնում է համակարգը խոցելի արտարժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ»,- նշում են գործակալության վերլուծաբանները:

Ինչ վերաբերում է Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրին, ապա այն եւս իր բացասական ազդեցությունն է թողնում երկրի վարկանիշի վրա:

Գործակալությունը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի հետ ԼՂՀ շուրջ ունեցած «լատենտ» տարածքային կոնֆլիկտը կարող է վերաճել ավելի մասշտաբային գործողությունների, իսկ տարաձայնության հանգուցալուծում մոտ ապագայում չի ակնկալվում:

Այսպիսով, հեղինակավոր Fitch գործակալության գնահատմամբ, ՀՀ վարկանիշի վրա դրական ազդեցություն կարող են ունենալ արտաքին տնտեսական իրավիճակի բարելավումը, մասնավորապես՝ ՌԴ տնտեսության վերականգնումը, ինչպես նաեւ երկրում ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի կրճատումը, իսկ բացասաբար կարող են անդրադառնալ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի խորացումը, հանքահումքային ապրանքների գների շարունակական անկումը, երկրի արտաքին պահուստների կրճատումն ու արտաքին պարտքի հետագա աճը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Fitch-ը Հայաստանին շնորհել էր միեւնույն «B+»  վարկանիշը 2015թ. հուլիսին:

Դիտում՝ 4156
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai