ՏՄՊՊՀ. ԵԱՏՄ-ից ակնկալվող արդյունքները լիարժեք չեն օգտագործվում

21.06.2016 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ակնկալվող դրական արդյուքները լիարժեք չեն օգտագործվում:

Այս մասին Արտակ Շաբոյանն ասել է Երեւանում՝ ռուսական խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարների եւ հայ արտահանող գործարարների մասնակցությամբ քննարկման ժամանակ:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել հայկական արտահանողների շրջանում՝ պարզելու, թե արդյոք նրանք հանդիպում են մրցակցային խոչընդոտների դեպի Ռուսաստան արտահանման գործընթացում: Արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ իրացման ոլորտում՝ մանրածախ առեւտրային ցանցերին ապրանքներ մատարակարարելիս:

Մասնավորապես, մի շարք հայկական ընկերություններ դժգոհում են, որ Ռուսաստանի տարածքում առեւտրային ցանցերը հաճախ իրենց հետ անմիջական աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքներ ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով, որոնք էլ լրացուցիչ պայմաններ են թելադրում՝ բարդացնելով մատակարար-սուպերմարկետ հարաբերությունները:

«Մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի բարձրացված հարցերը համատեղ ջանքերով կարգավորվեն, եւ անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի մանրածախ առեւտրի ոլորտ հայկական ընկերությունների հաջող մուտքն ու ընդլայնումն ապահովելու համար»,- ասել է Արտակ Շաբոյանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով ՌԴ մանրածախ առեւտրի ոլորտում ՀՀ արտահանողների հանդիպած խոչընդոտներին, նշել է, որ դրանք հիմնականում պայմանավորված են հայ գործարարների առաջարկած փոքր ծավալներով:

«Երբ մեր արտահանողները դիմում են Ռուսաստանի խոշոր առեւտրի ցանցերին՝ մատակարարում իրականացնելու համար, նրանք պահանջում են մեծ ծավալներ, ինչը մեր արտադրողները, որպես կանոն, չունեն»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ այս խնդրի լուծումներից մեկը կարող է լինել միասնական հայկական բրենդի ստեղծումը, որի ներքո ՀՀ փոքր արտադրողները կկարողանան մատակարարման մեծ ծավալներ ապահովել ռուս գործարարների համար:  
 
Հիշեցնենք, որ նշված խնդիրների շուրջ ՏՄՊՊՀ նախագահն ավելի վաղ քննարկում էր ունեցել X5 Retail Group-ի, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի եւ առեւտրային խորհրդատու Իգոր Զինովեւի հետ:  

Դիտում՝ 2993
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai