Մարկ Հորթոնը 2015-ին Հայաստանում 0% աճ է կանխատեսում

08.04.2015 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ` 2015թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 0%:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ նշելով, որ այդ ցուցանիշից հնարավոր են չնչին շեղումներ:

«Այս տարի էականորեն նվազել են Հայաստանից արտահանումները, մոտ 35-40%-ով կրճատվել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները: Մյուս գործոններից է պղնձի գների նվազումը, եւ հետեւաբար՝ արտահանման ծավալների նվազումը: Այսօր ֆինանսավորում ներգրավելը դարձել է շատ ավելի դժվար, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրում վերջին վեց ամիսներին տեղի է ունեցել դրամի փոխարժեքի որոշակի ճշգրտում. բարձրացվել են  տոկոսադրույքները, նոր վարկավորման աճի տեմպերը դանդաղել են:

Մարկ Հորթոնը նկատել է, որ «թեեւ պատկերը որոշակիորեն մռայլ է, սակայն կայունացման միտումներ նկատվում են»:

«Վիճակի վատթարացումը պայմանավորող գործոնները նույնպես հարթվել են, եւ նավթի գները, ինչպես նաեւ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, որոնք ազդում են Հայաստանի վրա, կարծես կարգավորվում են: Սակայն դեռ վաղաժամ է ասել, որ մոտ ապագայում կարելի է վերականգնում ակնկալել: Հնարավոր է, ներկայիս իրավիճակը երկար տեւի: Առաջիկա 2-4 տարիներին տնտեսական աճի դանդաղ վերականգնում ենք նախատեսում: Այս պահին միջնաժամկետ հատվածի տնտեսական աճի մեր հաշվարկային գնահատականը մոտ 3-3,5% է (նախկին 4-4,5%-ի փոխարեն)»,- ասել է նա:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի խոսքով` տնտեսական ցածր աճի եւ ավելի մեծ դեֆիցիտի պայմաններում կա մտահոգություն, որ պետական պարտքը կարող է ավելի աճել:

«ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի (ԿԲ) հետ քննարկել ենք, որ թեպետ 2015թ. դեֆիցիտը կարող է ավելի բարձր լինել, այնուամենայնիվ, այն պետք է սկսի արագորեն նվազել, որպեսզի պարտքը Հայաստանի տնտեսության կամ ՀՆԱ-ի չափերի համեմատ մեծ չլինի»,- ասել է նա:

Ի դեպ, 2014թ. հոկտեմբերին ԱՄՀ-ն 2015թ. համար կանխատեսել էր 2,6% աճ:

Հիշեցնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում 0% աճ էր կանխատեսել, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 1.6%:
 

Դիտում՝ 3086
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW