Տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 52-րդն է

29.01.2015 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2015թ. տնտեսական ազատության ցուցիչը, որտեղ Հայաստանը 165 երկրների շարքում 52-րդն է: Այն 67.1 միավորով ընդգրկվել է «չափավոր ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում:

2014թ. զեկույցում Հայաստանը 68.9 միավորով 41-րդ հորիզոնականում էր:

Այս տարվա ցուցիչի համաձայն՝ Հայաստանի տնտեսական ազատության վիճակի անկումը (1.8 միավորով) պայմանավորված է երկրում սեփականության իրավունքի վատթարացման, աշխատանքի եւ դրամավարկային ազատության հետընթացի հետ:   

Եվրոպական 43 երկրների շրջանում Հայաստանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, ինչը համարվում է համաշխարհային եւ տարածաշրջանային միջինից բարձր ցուցանիշ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ համաշխարհային առեւտրի եւ ձեռներեցության զարգացման միտումներին ուղղված բարեփոխումների նկատմամբ բաց քաղաքականությունը դյուրացրել է Հայաստանի անցումը ավելի դինամիկ եւ շուկայական տնտեսության: Այնուամենայնիվ, երկարաժամկետ տնտեսական զարգացում ապահովելու համար դատական համակարգն ամրապնդելուն եւ կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված շարունակական ջանքեր են անհրաժեշտ:  

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ երկրի տնտեսական ազատությունը 5-րդ տարին անընդմեջ անկում է գրանցում՝ միաժամանակ փաստելով, որ Հայաստանը, համաշխարհային միջին ցուցանիշների համեմատ, իրեն լավ է դրսեւորում չափորոշիչների մեծ մասում:

Մասնավորապես, տնտեսական ազատության 10 չափորոշիչներից 6-ում, որոնցից են, օրինակ, սեփականության իրավունքը, բիզնես, աշխատանքային, դրամավարկային ազատությունները, Հայաստանն այս տարի գրանցել է անկում:  
Հիշեցնենք, որ անցած տարի տնտեսական ազատության 10 չափորոշիչներից 8-ում (պետական ֆինանսների կառավարում, առեւտրային, ֆինանսական ազատություններ) Հայաստանը ցուցանիշի բարելավում էր գրանցել:

Ազատ տնտեսություն ունեցող երկրների եռյակը գլխավորում են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Նոր Զելանդիան: Վրաստանը զբաղեցնում է 22-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Թուրքիան` 70-րդ, իսկ Ռուսաստանը՝ 143-րդ հորիզոնականը:

Դիտում՝ 3518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai