Հասմիկ Սահակյան. «Լավ հաշվապահը ոսկու գին ունի»

12.04.2013 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալության Banks.am պորտալին

- Տ-ն Սահակյան, օրերս լրացավ ՀՈՒՄԿ-ի հիմնադրման 15-ամյակը. ներկայացրեք, խնդրում եմ, Ձեր կողմից ղեկավարվող կառույցի կայացման հիմնական փուլերը: Որո՞նք են անցած ճանապարհի հիմնական ձեռքբերումները եւ, միգուցե, բացթողումները:

- ՀՈՒՄԿ-ի հիմնադրման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին դեռեւս 1998-ի հունվարին, երբ Երեւան ժամանեցին մեր եվրոպացի գործընկերները` ստեղծելու «Հաշվապահության ուսուցման կենտրոն», որն իրականացվելու էր Եվրամիության Tacis ծրագրի շրջանակներում: 

Որպես Կենտրոնի կայացման առաջին եւ ամենակարեւոր փուլ կարելի է առանձնացնել դասախոսական անձնակազմի վերապատրաստումը, այսպես կոչված` «training of trainers»-ը, որը մեկնարկեց 1998թ. ապրիլի 4-ին եւ տեւեց ավելի քան 20 ամիս: Այնուհետեւ շարունակաբար իրականացվում էին ծրագրի կողմից առաջադրված մյուս խնդիրները` նոր ուսումնական նյութերի ստեղծում, ուսանողների հավաքագրում, դասընթացների կազմակերպում, քննությունների անցկացում, հաշվետվությունների պատրաստում եւ ներկայացում, այսինքն` այն ամենը, ինչ նախատեսվում է նման իրավիճակներում: Բնականաբար, անընդհատ քննարկվում էր Կենտրոնի ֆինանսական եւ տեխնիկական կայացման խնդիրը, որն այդ տարիներին թվում էր շատ դժվար, անգամ անհաղթահարելի: Պետք չէ մոռանալ, որ դա 1998-99 թվականներն էին, երբ երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակն ավելի դժվար էր:

15 տարի անց, երբ հետադարձ հայացք եմ նետում, կարող եմ ասել, որ կայացման փուլը շարունակական գործընթաց է, չէ՞ որ փոխվում են ժամանակները, մրցակցային դաշտը, նոր խաղացողներ են ի հայտ գալիս, եւ անհրաժեշտ է հաշվի նստել նոր իրողությունների հետ, հասկանալ, հարմարվել եւ գնալ առաջ:

Երկրորդ փուլը մեկնարկեց 2001թ. օգոստոսին, երբ ավարտվեց Եվրամիության Tacis-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը: Մենք արդեն գրանցված կազմակերպություն էինք, եւ սկսվել էր 3 հիմնական ուղղություններով ուսումնական ծրագրերի իրականացումը ՝ սկսնակ հաշվապահների պատրաստում, գործող հաշվապահների վերապատրաստում եւ մագիստրատուրա՝ «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» մասնագիտությամբ: 

Նշեմ, որ 2007թ. ապրիլին մեր մագիստրատուրան հաջողությամբ հավատարմագրվեց ՀՀ ԿԳՆ-ի կողմից, ինչը նշանակում է, որ մեր շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ: Այսօր ուրախությամբ կարող եմ ասել, որ մեր մագիստրոսական ծրագիրը լավագույններից է Հայաստանում, քանի որ շրջանավարտների 95%-ից ավելին ապահովված են մասնագիտական աշխատանքով:

Ինչ վերաբերում է բացթողումներին, երեւի թե ինձ համար դժվար կլինի խոսել այդ մասին, քանի որ դրսից հայացք նետելու ժամանակ չեմ ունենում: Բացթողումների մասին սովորաբար խորհում եմ, երբ արտերկրում ինչ-որ նոր բան եմ սովորում եւ  սկսում եմ մտածել` ինչու՞ Հայաստանում դա չկա, համեմատության մեջ եմ դնում համաշխարհային լավագույն պրակտիկաները եւ մեր իրականությունը:

- Ձեր Կենտրոնը ղեկավարվում է շարունակական մասնագիտական կրթության սկզբունքներով: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք ֆինանսական եւ, մասնավորապես, հաշվապահական գրագիտության մակարդակը Հայաստանում:

- 2012թ. սեպտեմբերին միտք ծագեց իրականացնելու հատուկ ծրագիր մեր մագիստրատուրայի շրջանավարտների համար` հետեւելու եւ աջակցելու նրանց մասնագիտական զարգացմանը, աջակցելու նոր գաղափարների ստեցծմանը եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ ավելի հաճախ հանդիպելու միմյանց հետ: Այսպես էլ ստեղծվեց «Շարունակական մասնագիտական կրթություն» ծրագիրը: Մեկնարկը տրվեց 2012թ. հոկտեմբերին: Սա ընդամենը անվճար սեմինարների 15 փուլից բաղկացած շարք է, որի ընթացքում հրավիրվում են տարբեր ոլորտների լավագույն մասնագետները, եւ նրանք ներկայացնում են Հայաստանի եւ համաշխարհային պրակտիկայի լավագույն փորձն ու գիտելիքները:

Հուսով եմ, որ այս ծրագիրը կօգնի, որպեսզի մեր շրջանավարտները լինեն ավելի մրցունակ եւ աշխատանքի շուկայի փոփոխվող պահանջներին համընթաց քայլող:

- Ի՞նչ աշխատանքի/պաշտոնի կարող է հավակնել ՀՈՒՄԿ-ի շրջանավարտը: Դուք հետեւու՞մ եք նրանց հետագա կարիերային:

- Մեր ուսանողների կարիերայի աճը շատ արագ է տեղի ունենում: Ավարտելուց հետո սովորաբար նրանք սկսում են աշխատել որպես հաշվապահի օգնական, այնուհետեւ՝ հաշվապահ, մեկ-երկու տարի հետո՝ արդեն որպես գլխավոր հաշվապահ, ապա եւ ֆինանսական տնօրեն: Շատ են դեպքերը, երբ իրենք են հենց հիմնում հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, ինչն ինձ համար շատ ողջունելի է, քանի որ աշխատանքի են հրավիրում առաջին հերթին կամ իրենց համակուրսեցիներին, կամ մեր այլ տարիների շրջանավարտներին:

- Ովքե՞ր են ընդգրկված ՀՈՒՄԿ-ի դասախոսական կազմում:

- Ինչպես նշեցի, Կենտրոնի ստեղծման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է եղել դասախոսների վերապատրաստումը: Եվ այս խնդիրը միշտ արդիական է, քանի որ մեր մասնագետներն իսկապես գործի գիտակներ են` թե մասնագիտական տեսանկյունից, թե մարդկային որակների առումով: Դասախոսն առաջին հերթին հոգեբան է, նա մի կամուրջ է գրքի/տեսության եւ ուսանողի միջեւ, եւ այդ կամուրջն այնպիսին պետք է լինի, որ գիտելիքը հասնի ուսանողի սրտին եւ դառնա իր սեփականը: Միայն այդ դեպքում է ապահովված հաջողությունը:

Կենտրոնի դասախոսական անձնակազմում ընդգրկված են մեր ոլորտի լավագույն մասնագետները, ընտրության հարցում շատ կարեւորվում է նրանց գործնական/ պրակտիկ փորձը: Մեզ համար լավ կադրեր են հանդիսանում նաեւ մեր շրջանավարտները, քանի որ նրանք լավ տիրապետում են դասավանդման մեթոդիկային եւ էլ ավելի պատասխանատու են մոտենում իրենց աշխատանքին:

- Գոյություն ունի կարծրատիպ, համաձայն որի հաշվապահները, որպես կանոն, խիստ եւ հաշվենկատ մարդիկ են: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Հաշվապահ չեն ծնվում, այլ դառնում են: Ճիշտ է, հաշվապահների նկատմամբ վերաբերմունքն երբեմն հակասական է, սակայն լավ հաշվապահը ոսկու գին ունի: Եթե բիզնեսը հաջողակ է, այստեղ կա հաշվապահի, ֆինանսիստի լուման: Կան շատ նրբություններ, որոնց տիրապետում է միայն հաշվապահը. բիզնեսմենը հաճախ իր որոշումները կարող է կայացնել ինտուիտիվ, սակայն այստեղ է, որ պետք է լավ հաշվապահից խորհուրդ հարցնել:

- Որո՞նք են լինելու ՀՈՒՄԿ-ի գործունեության հիմնական թիրախները կարճաժամկետ եւ միջնաժամկետ ապագայում: 

- Կարճաժամկետ գործունեության հիմնական թիրախը գործազուրկ կանանց համար նախատեսված ծրագիրն է, որն իրականացնելու ենք այս տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին: Ծրագիրը ֆինանսավորվում է շվեյցարական SDC կազմակերպության միջոցով: Իսկ արդեն հոկտեմբեր ամսին կնշենք մեր Կենտրոնի 15-ամյակը: Միջնաժամկետ տեսանկյունից կցանկանայի ստեղծել նոր պրոդուկտներ, նոր դասընթացներ, եւ հուսով եմ, որ դրա համար կան բարենպաստ նախադրյալներ:

Հասմիկ Սահակյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 14430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai