Օրգանական արտադրանքը՝ ընդդեմ «մթերային աղետ»-ի

30.08.2017 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ագրոլոգ #օրգանական #օրգանիկ
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում վերջերս բացվեց «Ագրոլոգ» ՓԲԸ-ի օրգանական գյուղատնտեսության ուսումնաարտադրական կենտրոնը, որի առանցքային նպատակներից է օգնել ֆերմերներին՝  անցնելու օրգանական գյուղատնտեսության: Կենտրոնում արդեն սկսվել են դասընթացները ֆերմերների հետ, բացի այդ, նրանց աջակցություն է տրվում սերտիֆիկացման, պարարտանյութերի եւ բուժանյութերի հարցում:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հեռանկարների շուրջ Banks.am-ը զրուցել է կենտրոնի մարկետինգի ղեկավար Արա Մարությանի հետ:

Լուծում «մթերային աղետ»-ին

Դեռ 20-րդ դարի 40-ական թվականներից աշխարհի աճող բնակչության սննդի պաշարները բավարարելու համար մի շարք երկրներում սկսեցին օգտագործել քիմիական նյութեր եւ հավելումներ: Թեեւ դա որոշ առումով օգնեց լուծել բնակչությանը սննդով ապահովելու խնդիրը, իսկ որոշ երկրներում էլ վերածվեց խոշոր բիզնեսի, բայց մյուս կողմից՝ հանգեցրեց «մթերային աղետի» եւ տարբեր հիվանդությունների աճի:

«Արդյունքում այսօր արդեն Արեւմտյան Եվրոպայի յուրաքանչյուր հեկտարի բաժին է ընկնում 300 կգ քիմիական նյութ, իսկ ԱՄՆ-ում կա 60 մլն հա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող գյուղատնտեսական նշանակության հողատարածք»,- Banks.am-ի հետ զրույցում վիճակագրությունն է ներկայացնում Արա Մարությանը:

Այս ամենի արդյունքում արդեն 80-ականներից ֆինանսական առավել մեծ հնարավորություն ունեցող երկրները սկսեցին մտահոգվել բնակչության առողջության հարցով, իսկ 90-ականներից արդեն մեկնարկեցին օրգանական գյուղատնտեսությանն անցնելու նախապատրաստական աշխատանքները, մշակվեցին ստանդարտները:

Օրգանիկ համարվելու չափանիշները

Օրգանական գյուղատնտեսության միջազգային ստանդարտները մշակվել են ՄԱԿ-ի եւ եվրոպական կառույցների կողմից, ընդ որում՝ Հայաստանում գործող ստանդարտներն ամբողջությամբ համարժեք են միջազգային չափանիշներին:

Որպեսզի արտադրանքը համարվի օրգանական, նախ՝ ընկերությունը հայտ է ներկայացնում համապատասխան կառույց: Հայաստանում գործում է հավաստագրում անցկացնող 10 միջազգային կազմակերպություն (այդ թվում՝ 1 հայկական, որն արտասահմանում հավաստագրում անցկացնելու թույլտվություն ունի):

Հայտի ներկայացումից հետո ուսումնասիրվում է տեղանքը. մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության տարածքը չպետք է մոտ գտնվի օդանավակայանին, ատոմակայանին, պոչամբարներին, մայրուղիներին եւ այլն: Բացի այդ, հողը փորձաքննության է ենթարկվում՝ դրանում ծանր մետաղների, քիմիական բաղադրիչների առկայությունը ստուգելու համար: Հողի փորձաքննության աշխատանքները, կախված մշակաբույսի տեսակից, կարող են տեւել մինչեւ 3 տարի, ընդ որում, դրա համար վճարում է հայտ ներկայացնող ընկերությունը:

«Օրգանական գյուղատնտեսության կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ամբողջ գործընթացը պետք է լինի թափանցիկ,- ասում է Արա Մարությանը: -Պետք է ամեն ինչ գրանցել՝ որտեղից ես գնում սերմը, ինչ պարարտանյութ ես օգտագործում, ինչ մեքենայով ես տեղափոխում, ինչպես ես փաթեթավորում եւ որտեղ ես վաճառում»:

Հիմնական արտադրողներն ու սպառողները

Թեեւ օրգանական մթերքի համար գրավիչ շուկաներ են համարվում զարգացած եւ վճարունակ երկրները, ուշագրավ  է, որ այդ մթերքն արտադրվում է գլխավորապես երրորդ երկրներում, որտեղ աշխատուժը համեմատաբար ավելի էժան է: Արա Մարությանի խոսքով՝ թեեւ օրգանական մթերքի 80%-ը գնում են ԱՄՆ-ը եւ Արեւմտյան Եվրոպայի երկրները, իրենք դրա արտադրությամբ շատ չեն զբաղվում: Օրգանական մթերքի հիմնական արտադրողներից են Ավստրալիան, Իսպանիան, Հնդկաստանը, մեծ թվով աֆրիկյան եւ լատինամերիկյան երկրներ: Ընդհանուր առմամբ, աշխարհում կա օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող շուրջ 2,3 մլն սերտիֆիկացված ֆերմեր, որից միայն 700 հազ-ը՝ Հնդկաստանում:

«Ստացվում է, որ հիմնական արտադրողները զարգացող երկրներն են, որոնք արտադրում են ավելի ցածր գնով: Հետեւաբար՝ Արեւմուտքին առավել ձեռնտու է օգնել հենց այդ երկրներին»,- ասում է Արա Մարությանը:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը դեռ 2000-ից աջակցում են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ, GIZ), Եվրամիությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA):

Ինչ վերաբերում է պետական աջակցությանը՝ այս պահին ֆինանսական շոշափելի օժանդակություն չկա: Արա Մարությանի խոսքով՝ պետական աջակցությունը հիմնական դրսեւորվում է ոլորտի նկատմամբ հետաքրքրվածությամբ, խորհրդատվությամբ եւ ֆինանսներ փնտրելով:

Վստահության բացակայություն

2008թ. մայիսին Հայաստանում ընդունվել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենք, որի 9-րդ հոդվածով արգելվում է արտադրանքի մակնշումը «Օրգանական», «Էկոլոգիական», «Էկոլոգիապես մաքուր», «Բիոլոգիական» բառերով՝ առանց համապատասխան հավաստագրման:

Հետեւաբար, Արա Մարությանը խորհուրդ է տալիս՝ օրգանական սնունդ փնտրելիս մակնշման մեջ գտնել հենց այս բառերը:

Մյուս կողմից, նրա խոսքով, արտադրողներն էլ փորձում են զգույշ լինել այս հարցում. հողի ստուգման վրա տարիներ շարունակ ծախսած հսկայական ֆինանսական միջոցները ստիպում են ընկերություններին հիմնականում զերծ մնալ թերացումներից, քանի որ գործընթացն անընդհատ վերահսկվում է միջազգային կառույցների կողմից, որոնք ցանկացած պահի կարող են արտադրողին զրկել հավաստագրից:

Հայաստանցիները պատրաստ չեն թանկ վճարել

Միջազգային վիճակագրության համաձայն՝ թեեւ օրգանական գյուղատնտեսության ծախսն ավելանում է 5-7%-ով, բայց դրան զուգահեռ 22-30%-ով ավելանում է նաեւ շահույթը: Ընդ որում, շահույթն ապահովվում է մի քանի անգամ ավելի բարձր գնի հաշվին, իսկ գինը պայմանավորված է օրգանական մթերքի արտադրության վրա տարվող ավելի ծանր աշխատանքով:

Այս պահին Հայաստանում առավել հաջողությամբ արտադրվում է օրգանական զեյթուն, մեղր, գինի, այնուամենայնիվ, ընդհանուր շուկայում օրգանական մթերքը շատ չնչին տոկոս է կազմում: Նախնական գնահատականներով՝ Հայաստանում բնակչությունն առայժմ պատրաստ չէ մի քանի անգամ ավելի թանկ վճարել օրգանական մթերքի համար, ուստի սպառումը ներքին շուկայում կարող է կազմել առավելագույնը 16-20%:

Մյուս կողմից՝ Արա Մարությանը կարծում է, որ անհրաժեշտ ծավալների դեպքում սպառման խնդիր չի կարող առաջանալ, քանի որ աշխարհի շատ երկրներ աստիճանաբար անցում են կատարում օրգանական սննդի, եւ դրա պահանջարկը գնալով մեծանում է: Ընդ որում, Հայաստանի համար հատկապես գրավիչ շուկա կարող է լինել Ռուսաստանը, որը դեռեւս չունի օրգանական գյուղատնտեսության մասին օրենք, եւ այդ երկրում արտադրվող օրգանական սնունդը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 22707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai