Բիթքոինի մուտքը «Մեծ քառյակ». PwC-ն կրիպտոարժույթով վճարում է ընդունել

04.12.2017 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#PWC #բիթքոին #Ուինքլեվոսս
PricewaterhouseCoopers (PwC) ընկերությունը հայտարարել է, որ իր խորհրդատվական ծառայության դիմաց առաջին անգամ ընդունել է բիթքոինով վճարում, որը, ի դեպ, ընկերության՝ վիրտուալ արժույթով ստացված առաջին վճարն է:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, այս հայտարարությունն արվել է նոյեմբերի 30-ին՝ բիթքոինի համար բավական թեժ ժամանակահատվածում, երբ այն առաջին անգամ հատել էր $11 հազ-ի սահմանը: Կրիպտոարժույթի այս «ռալլի»-ն հարց էր առաջացրել՝ արդյոք այն պարունակում է իրական արժեք, որը կարելի է լայնորեն կիրառել գործարքներում, թե պարզապես հանդիսանում է թրեյդերի մեկ օրվա «խաղալիք»:

PwC Հոնկոնգում նշել են, որ իրենք որոշել են ընդունել վճարման այս տարբերակը, քանի որ հաճախ գործ են ունենում կրիպտոարժույթների եւ բլոկչեյն ոլորտի ստարտափների հետ: Ընկերությունում ընդգծել են նաեւ ICO-ում, կրիպտոարժույթների փոխարկման եւ կրիպտոֆոնդերի ոլորտներում ծավալած իրենց խորհրդատվական գործունեությունը:

«Այս որոշումն արտացոլում է այն փաստը, որ մենք ողջունում ենք նորագույն տեխնոլոգիաները եւ ծառայությունների մեր սպեկտրում ներդնում նորարարական բիզնես մոդելներ»,- նշել է PwC-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ղեկավար Ռայմունդ Չաոն:

Պարբերականը գրում է, որ PwC-ն այսպիսով միանում է կրիպտոարժույթով վճարում ընդունող ընկերությունների փոքր, սակայն ընդլայնվող ցանկին, որում ներառված է նաեւ Microsoft-ը: Սակայն աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակ»-ում PwC-ն առաջինն է. մյուս երեք ընկերություններից պարբերականին չի հաջողվել այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ:

******
Ի դեպ, Teleghaph-ն օրերս հրապարակվել է աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատերերի անունները, որոնք են Թայլեր եւ Քեմերոն Ուինքլեվոս եղբայրները:

Քեմերոն եւ Թայլեր Ուինքլեվոս եղբայրները

Երկվորյակ եղբայրներն ավելի վաղ հայտարարել էին, թե Մարկ Ցուկերբերգն իրենցից է գողացել Facebook-ի գաղափարն ու ընկերությունից ստացած գումարի մի մասը՝ $11 մլն-ը, չորս տարի առաջ ներդրել էին բիթքոինում. կրիպտոարժույթի փոխարժեքի կտրուկ աճի արդյունքում ներդրումը գրեթե 100-ապատկվել է՝ եղբայրներին դարձնելով բիթքոինային միլիարդատերեր:
 
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 34583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai