Բացելով փակագծերը. ICO

06.10.2017 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ICO #բիթքոին #Ethereum
Վերջին շրջանում բավական տարածում է գտել կապիտալի ներգրավման նոր միջոցը՝ կրիպտոարժույթների առաջնային տեղաբաշխումը (Initial Coin Offering, ICO): The Wall Street Journal-ի տվյալներով՝ միայն այս տարվա 3-րդ եռամսյակում ընկերությունները ICO-ի միջոցով ռեկորդային՝ $1,32 մլրդ ծավալի միջոցներ են ներգրավել: «Վեդոմոստի» պարբերականը ներկայացրել է ICO-ի վերաբերյալ պարզաբանում, որի առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորեւ:

Ի՞նչ է ICO-ն

ICO-ն հնարավորություն է ընձեռում ստարտափներին ներգրավել ֆինանսավորում՝ շրջանցելով կապիտալի ավանդական շուկաները: Այն նման է բորսայում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) եւ քրաուդֆանդինգի «խառնուրդին»:

ICO-ի ընթացքում ընկերությունը ներդրողին է առաջարկում սեփական կրիպտոարժույթը՝ այսպես կոչված տոկենը, որը ստեղծվում է բլոկչեյնի հայտնի հարթակների վրա (օրինակ՝ Ethereum): Ներդրողը, ձեռք բերելով ընկերության տոկենը, դառնում է նրա ներքին կրիպտոարժույթի սեփականատեր եւ հետագայում դրանով կարող է գնել այդ ընկերության պրոդուկտը կամ օգտվել նրա ծառայություններից:

Ովքե՞ր են  ICO իրականացնողները

Հիմնականում դրանք ՏՏ ընկերություններն են, հատկապես՝ նրանք, որոնք առնչվում են կրիպտոարժույթներին: Հետեւաբար, այլ ոլորտի մարդկանց դժվար է հասկանալ՝ ինչով են այս ընկերությունները զբաղվում: Բացառություններ լինում են. Paquarium-ը $620 հազ. ներգրավել է հսկայական ակվարիում կառուցելու համար, իսկ ռուսաստանյան «Կոլիոնովո էկոհամակարգ» ֆերմերային տնտեսությունը՝  $500 հազ.՝ սեփական զարգացման համար:

ICO-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ կրիպտոարժույթ (բիթքոին, էֆիրիում եւ այլն) եւ թվային դրամապանակ: Հիմնականում ընկերություններն ICO իրականացնում են իրենց սեփական կայքում, իսկ տեղաբաշխման պայմանները տարբեր են լինում: Տոկեններ կարելի է ձեռք բերել նաեւ երկրորդային շուկայում, սակայն այնտեղ տատանողականությունը կարող է համեմատաբար բարձր լինել, իրացվելիությունը՝ ցածր:

ICO իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ կոդեր, ներդրողների համար գրավիչ պատմություն եւ մի փոքր հաջողություն: Բիզնեսի տեսանկյունից՝ ներդրողին չմոլորեցնելու համար նաեւ անհրաժեշտ է ունենալ պատրաստի պրոդուկտ եւ դրա մոնետարիզացման հիմնավորված ծրագրեր:

Ինչպե՞ս տարբերել օրինական ICO-ն անօրինականից

Ամենապարզ ազդակը տեղեկատվությունն է. որքան քիչ են մանրամասները, այնքան բարձր է խաբեության հավանականությունը: Պետք է պարզել՝ ո՞ւմ է պատկանում ստարտափը, ունի՞ այն արդյոք պատրաստի պրոդուկտ, արտաքին խորհրդատուներ: Առանց կոնկրետության՝ հնչեղ հայտարարությունները, ինչպես, օրինակ, «մեզ աջակցում է խոշոր սուվերեն ներդրումային ֆոնդը», արդեն կասկածելի նշան է:

Ինչպե՞ս է կարգավորվում ICO-ն

Չինաստանի եւ Հարավային Կորեայի իշխանությունները վերջերս արգելել են ICO-ն: ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների գծով խորհուրդը հուլիսին հայտարարել է, որ շատ ICO-ներ պետք է կարգավորվեն արժեթղթերի մասին օրենքով: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ծրագրում է մինչեւ տարեվերջ օրենք մշակել կրիպտոարժույթների մասին, սակայն երկրի Կենտրոնական բանկը դեմ է արտահայտվել կրիպտոաժույթների՝ որպես փողի փոխարինողների կիրառմանը:

Վիճակագրություն

Token Report-ի տվյալներով՝ տարեսկզբից իրականացվել է $2,27 մլրդ ընդհանուր արժեքով 172 ICO: Խոշորագույն ICO-ն իրականացրել է Protocol Labs ստարտափը, որը մշակում է միջմոլորակային ֆայլային համակարգ (InterPlanetary File System): Ընկերությունը ներգրավել է $262 մլն: Մինչ այդ, ռեկորդային մեծության ICO իրականացրել էր DAO վենչուրային ֆոնդը՝ ներգրավելով $152 մլն, որի մեկ երրորդը գողացել էին հաքերները:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 50807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai