“Ես հաղթահարում եմ ճգնաժամը”
Այս պայմաններում կառավարությանն անհրաժեշտ է իրականացնել հզոր հակաճգնաժամային ծրագիր` ուղղված փոքր բիզնեսի զարգացմանը, գործազրկության դեմ պայքարին և սոցիալապես անապահով բնակչության պաշտպանությանը:
”Ինչ պետք է անի կառավարությունը ճգնաժամի պայմաններում տնտեսության զարգացումն ապահովելու համար”:
“Տնտեսական կանխատեսման միակ գործառույթը
կայանում է նրանում, որպեսզի աստղագիտությունը
երևա ավելի արժանահավատ”:
Ջոն Հելբերտ
Ներկայումս ակնհայտ է, որ Հայսատանի տնտեսությունն ապրում է հետանցումային շրջանի ամենամեծ ցնցումը: Իր մասշտաբներով և անորոշությամբ ճգնաժամը կարող է բերել խուճապի: Այդ իսկ պատճառով իրական իրավիճակի գիտակցումը ոչ միայն կառավարության, այլև հասարակության կողմից կօգնի ելք գտնելու ճգնաժամից:
Տնտեսական ակտիվության անկումը Հայաստանի առևտրային գործընկեր երկրներում, որոնցից ստացվում էին նշանակալից դրամական միջոցներ (այդ թվում` մասնավոր տրանսֆերտներ), նվազեցրել է տնտեսական աճը և բերել ներքին պահանջարկի կրճատման:
Ստեղծված իրավիճակում, երբ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա է միջոցների դեֆիցիտ ներդրումների իրականացման և աշխատավարձերի բարձրացման համար, պահանջարկի պահպանման հիմնական երաշխավորը դառնում է պետությունը:
Ճգնաժամի և իրացվելիության դեֆիցիտի պայմաններում տնտեսության իրական հատվածը կարիք է զգում վարկային ներարկումների և զգալի խթանման: Այդ պատճառով հարկային արտոնությունների սահմանումը հանդիսանում է հակաճգնաժամային քաղաքականության արգասաբեր տարբերակ, որը կբերի համախառն պահանջարկի աճի, աշխատանքի առաջարկի ավելացմանը և կազմակերպությունների ծախսերի կրճատմանը:
“Անկում` երբ հարևանդ է կորցնում աշխատանքը,
ճգնաժամ` երբ կորցնում եք աշխատանքը դուք”:
Հարրի Տրումեն
Սոցիալական հիմնախնդիրների մեղմման միջոցառումները պետք է կրեն համազգային բնույթ, քանի որ սոցիալական անկայունության ուժեղացումը կարող է առաջ բերել արմատական քաղաքական շարժումների ակտիվացման, որը ներկա պայմաններում բացարձակապես անթույլատրելի է և կարող է բերել քաղաքական իրադրության վատթարացման, որն էլ ուղղակիորեն բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա:
Կարծում եմ, որ գործազրկության նպաստների բարձրացումը, կադրերի վերապատրաստման ապահովումն իրականում կօգնեն մարդկանց: Ներկա պայմաններում կարելի է նվազեցնել սոցիալական վճարներն այն աշխատողների համար, որոնք ստանում են փոքր աշխատավարձ (կենսաապահովման նվազագույն զամբյուղից ցածր):
Դրամի դևալվացիայի պատճառով դեղերի գներն աճել են 20-30 տոկոսով, ինչը բերել է դրանց ձեռք բերման հնարավորությունների կրճատման: Ուստի աղքատ խավերին և հատկապես ծանր ու խրոնիկ հիվանդներին պետք է ցուցաբերվի ավելի մեծ աջակցություն: Միևնույն ժամանակ պետք է պետական աջակցություն ցուցաբերել դեղամիջոցներ արտադրող ու նաև արտահանող ընկերություններին:
Քանի որ փոքր բիզնեսը հանդիսանում է տնտեսության հենքը և նոր աշխատատեղերի աղբյուրը, ուստի նրանց գործունեության առաջին տարում պետք է ազատել հարկերից մինիմում 60 տոկոսով, երկրորդ տարում` 30 տոկոսով:
Նպատակահարմար է որոշակի չափով, գուցե կիսով չափ, նվազեցնել տուգանքները և տույժերը, մտցնել պարգևատրումներ այն ձեռնարկությունների համար, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր: Իսկ մինչև 5 աշխատող ունեցողների հարկային ստուգումներն արգելել նվազագույնը մեկ տարի ժամկետով:
Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզեցնել և դյուրացնել հարկերի հաշվարկման, հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը, հարկատուներին ժամանակին և մատչելի ձևով իրազեկել օրենսդրական փոփոխությունների մասին:
Դրա հետ մեկտեղ պետք է ակտիվացնել պայքարը ստվերային տնտեսության դեմ խոշոր բիզնեսի ոլորտում, քանի որ դա ավելի արդյունավետ կարող է լինել, քան փոքր բիզնեսի դեպքում: Բացի դրանից որոշակի դրական արդյունք կտա համաներման կիրառումն այն ընկերությունների համար, ովքեր ինքնուրույնաբար դուրս կգան ստվերից և կհայտարարագրեն իրենց ողջ եկամուտները`
“Ընկնողին հրիր”
Ֆրիդրիխ Նիցշե
Դժվարությունների մեջ հայտնված ոլորտների և ընկերությունների նկատմամբ պետական երաշխիքների կիրառումը և դրանցում պետական միջոցներ ուղղելը պետք է կատարվի ծայրաստիճան շրջահայացորեն, քանի որ նման վիճակի մեջ հայտնվելը ոչ թե կապված է ճգնաժամի հետ, այլ հետևանք է դրանց վատ կառավարման: Այդ պատճառով աջակցությունն ու օգնությունը պետք է ցուցաբերվի ընկերություններին, որոնք կրում են ժամանակավոր դժվարություններ և հանդիսանում են համակարգագոյացնող:
Հնարավոր է նաև, որ կառավարությունը գնա պետականացման: Այդ դեպքում անհրաժեշտ է մշակել ընկերության մասնավորեցման ծրագիր ճգնաժամից հետո:
Հարկային արտոնություններ պետք է տրամադրվեն այն ընկերություններին, որոնք զարգացնում են ինովացիոն ձեռնարկատիրությունը և ստեղծում են աշխատատեղեր գիտական աշխատողների համար, որը կբերի նաև գործազրկության նվազման:
Ինչ վերաբերում է գործազրկության դեմ պայքարի հանրամատչելի ձևերից մեկին` հասարակական աշխատանքներին, ապա Հայաստանի պայմաններում դա անարդյունավետ է և հակազդեցիկ, քանի որ դեռևս շատ մարզերում բարձր է մնում ղեկավարների կոռումպվածության և ոչ կոմպետենտության մակարդակը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեկ այլ մտածված մոտեցում այդ գաղափարի իրականացման համար, որը պետք է կայանա նրանց աշխատանքի արդյունավետության ստուգման մեջ: Ընդ որում` անհամապատասխանության փաստերը լայնորեն քննարկել հասարակության մեջ, որը վերջին հաշվով կբերի անարդյունավետ ապարատի նորացման:
”Եթե ապրանքները դադարում են հատել սահմանները,
ապա դա սկսում են անել բանակները”
Ֆրեդերիկ Բաստիա
ՀՀ կառավարության համար գերակա ուղղություն պետք է դառնա պրոտեկցիոնիզմի չթույլատրումը: Կարճաժամկետ խնդիրները, որոնք լուծվում են մաքսատուրքերի բարձրացման միջոցով, վերջին հաշվով կբերեն և անարդյունավետության:
Ինչ վերաբերում է հայրենական ապրանք արտադրողներին, ապա ԿԲ-ի քաղաքականությունը` ուղղված դրամի դևալվացիային, արդյունավետ միջոց է և կարող է լուծել մի շարք հիմնախնդիրներ:
Չպետք է մոռանալ նաև շրջակա միջավայրի մասին: Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության բարձրացման և բնակչության առողջության բարելավման նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել միջոցառումներն էկոլոգիական իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Մեկ այլ հակաճգնաժամային արդյունավետ միջոցառում կարող է լինել պետական ապարատի կրճատումը 20-30 տոկոսով:
Ներկա ճգնաժամի պատասխաններն իրենց մեջ թաքցնում են հսկայական ռիսկեր: Գլխավորն այն է, որպեսզի պետությունը ճգնաժամի ալիքի վրա չգնա “սոցիալիզմի” ճանապարհով: Չպետք է մոռանալ, որ այդ ճանապարհը մի ժամանակ մեզ համար կեղեքիչ է եղել: Կապիտալիզմի բոլոր թերությունների հետ միասին նրա հարմարվողականությունը հանդիսանում է անվիճելի փաստ և հիմք է տալիս ընդունել նրա զարգացումը և բարձր մակարդակի հասնելու ընդունակությունը:
Կառավարությունը Կենտրոնական Բանկի հետ պետք է վարի մտածված, հավասարակշռված քաղաքականություն (մասնավորապես ԿԲ-ն դրամի կայունության ապահովման նպատակով պետք է իրականացնի քողարկված ինտերվենցիաներ) ուղղված բարենպաստ ներդրումային կլիմայի ստեղծմանը, կրթության որակի և մաշտաբների բարձրացմանը, ձեռնարկատիրական գործունեության բարելավմանը, ինչը կբերի ճգնաժամից արագ դուրս բերման:
”Հավանաբար ես տնտեսության մասին
գիտեի ավելի շատ քան ինձ քննողները”
Ջոն Մեյնարդ Քեյնս
Վերջում ցանկանում եմ նշել տնտեսության համար ճգնաժամի կարևորության մասին: Ճգնաժամը դա հնարավորություն է: Դրանից ճիշտ օգտվելու դեպքում մենք կստանանք ավելի զարգացած տնտեսություն: Տվյալ ճգնաժամը դա հնարավորություն է նոր տեղեկատվական պետության կառուցման համար£ Դրան հասնելը հնարավոր է միայն բիզնեսի, իշխանության և հասարակության բաց երկխոսության ճանապարհով: Միայն համատեղ գործողությունների միջոցով հայկական տնտեսությունը ճգնաժամից դուրս կգա ավելի մրցունակ, բազմատեսակայնացված և ինովացված վիճակով: Եվ հենց այդ ժամանակ, ետճգնաժամային դարաշրջանից մենք նոր աշխարհ կթևակոխենք, այնպիսին, որին Էլվին Թո ֆլերը անվանել է “…իսկական մարդկային քաղաքակրթություն”: Աշխարհ, որտեղ չի լինի ամբողջաիշխանական պետություն, այլ կլինի արդար հասարակություն և իսկական ազատություն: Սակայն այդ դարաշրջանը դեռևս առջևում է:
Ներկայումս մեր առջև կանգնած են մարտահրավերներ, որոնց անհրաժեշտ է անհապաղ պատասխանել:















