«Քարֆուր»-ի բացումը նախատեսվում է 2015 թ. հունվարի վերջին

04.11.2014 | 18:21 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր «Քարֆուր» (Carrefour) առեւտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին եւ մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցեր են քննարկել:

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է «Քարֆուր» ցանցային խանութի բացման կարեւորությունը թե տեղական արտադրողների եւ թե սպառողների համար:

«Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում «Քարֆուր»-ի գործունեության սկզբին, ինչը նոր հնարավորություն կստեղծի նրանց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ` բացումից հետո «Քարֆուր»-ի հայաստանյան առեւտրային ցանցը ոչնչով չի զիջի «Քարֆուր»-ի գործունեության եվրոպական մակարդակին»,-ասել է Սերգո Կարապետյանը:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ «Քարֆուր»-ի մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:

Քրիստիան Դը Նալը իր հերթին տեղեկացրել է, որ ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է 2015 թ-ի հունվարի վերջին: Նրա խոսքով, «Քարֆուր» առեւտրային ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից:

Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի՝ ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից:

Քրիստիան Դը Նալը նշել է, որ պատրաստ են Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արտադրանքի որակի եւ տեսականու հարցում խորհրդատվություններ մատուցելու համար:

Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր, նախքան ցանցի բացումը կազմակերպել «Քարֆուր»-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ:

Դիտում՝ 7894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai