Ռուբեն Վարդանյանը՝ գիտելիքի եւ հաջողության մասին

08.09.2014 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գործարար միջավայր» («Деловая среда») ռուսաստանյան պորտալը «Սովորեք առաջանորդներից» կրթական ծրագրի շրջանակում ներկայացրել է գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի «Հաջող ձեռնարկատիրոջ ունակություններն ու հմտությունները» համառոտ դասախոսությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ դասախոսությունից:

Համոզված եմ, որ մարդիկ ծնվում են որոշակի հմտություններով եւ ունակություններով, սակայն որպեսզի դրանք բացահայտվեն, շատ կարեւոր են պայմանները, միջավայրը, գիտելիքն ու փորձը: Ոչ բոլորն են պատրաստ ռիսկի դիմելու եւ դուրս գալու հարմարավետության գոտուց: Սակայն մարդը որքան արագ գործնական փորձառություն ձեռք բերի եւ հմտանա, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու նրա հնարավորությունները:

Ի՞նչ է պահանջվում Ռուսաստանում հաջող գործարար դառնալու համար: Նույնը, ինչ ցանկացած այլ երկրում՝ նպատակի տեսլական, դրան հասնելու հետեւողականություն, անկումից հետո նորից ոտքի կանգնելու ունակություն, այնպիսի մարդկանց թիմ, ովքեր կհավատան ու կհետեւեն քեզ, նրանց ճիշտ մոտիվացում եւ պարգեւատրում, կայունություն կոլեկտիվի ներսում սահմանված կանոնները եւ փոխհարաբերությունները պահպանելու հարցում: Այս հատկանիշների առկայության պարագայում ցանկացած խնդիր լուծելի է:  

Որպես սոցիալիստական միջավայրում մեծացած մարդ, ով համարում է, որ կապիտալիզմը շատ վատ կողմեր ունի, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ձեռնարկատիրոջ հաջողության միակ չափանիշը որոշակի ժամանակահատվածում իր կամ իր ընկերության վաստակած գումարի քանակն է: Ձեռնարկատերը չի կարող հաջողակ համարվել, եթե նրա ընկերությունն անհաջողակ է:

Գործարարի հաջողության առանցքային տարրերից մեկը նպատակի տեսլականն է՝ այն, թե ինչ ես ցանկանում կառուցել, ինչպես նաեւ ընտրածդ ճանապարհից հետ չկանգնելը հանուն բազմազան այլ հնարավորությունների: Դժվար է կենտրոնանալ միայն այն նպատակի վրա, որը դրել ես քո առջեւ:

Մյուս շատ կարեւոր չափանիշն ուժեղ թիմն է: Այստեղ շատ գործոններ կան, եւ չկա որեւէ բաղադրատոմս: Բոլոր մոդելները կարող են հաջող լինել՝ կախված առաջնորդից, այն մարդկանցից, ովքեր համաձայնել են այդ մոդելին եւ կարողացել են ինքնաիրացվել: Կարեւորն այն է, որպեսզի ցանկացած մոդելի դեպքում մարդիկ հասկանան խաղի կանոնները, եւ որպեսզի այդ կանոնները համապատասխանեն առաջադրված նպատակին:

Կան բռնապետության օրինակներ, կան կոլեգիալության օրինակներ. կարեւորը, որ դրանք հաստատուն լինեն: Չի կարելի այսօր լինել բռնապետ, վաղը դառնալ կոլեգիալ գործընկեր:

Յուրաքանչյուր ընկերություն դեպի իրեն է ձգում որոշակի տեսակի մարդկանց, եւ շատ բան կախված է նրանից, թե ինչպես է ձեռնարկատերը պատմում իր երազանքի մասին: Նա պետք է կարողանա այլ մարդկանց վարակել իր երազանքի իրականացմանը մասնակից դառնալու ցանկությամբ: Դա շատ կարեւոր է:  

Դիտում՝ 14141
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai