Խորհուրդներ Ռուբեն Վարդանյանից

23.07.2014 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերջերս Ռուբեն Վարդանյանը հանդիպել էր «Սկոլկովո» բիզնես-դպրոցի ապագա ուսանողների հետ: E-xecutive.ru պորտալը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի ելույթը, որի առավել հետաքրքիր հատվածներն առանձնացրել ենք ստորեւ:    

****

Առաջարկում եմ ձեզ մի փոքր թեսթ անցնել: Պատկերացրե՛ք, որ դուք գտնվում եք 300 հոգանոց սրահի կենտրոնում, եւ թղթախաղ եք խաղում երեք անծանոթ մարդկանց հետ: Կանոնները շատ պարզ են՝ պարտվողը հանում է իր հագուստը: Դուք սկսում եք խաղալ եւ գլխի եք ընկնում, որ երկու խաղացողները «դաղալություն են անում»: Ի՞նչ կանեք: Ծանոթներիցս մեկը, օրինակ, ինձ ասաց. «Եթե ես նախօրոք իմանամ, որ նման բան հնարավոր է, չեմ խաղա»: Դա եւս կարեւոր պատասխան է: Դա նշանակում է, որ դուք հոգեբանորեն պատրաստ չեք, որ բիզնեսում ձեր գործընկերները կխաբեն ձեզ: Այլ պատասխանների օրինակներ. «Կստիպեմ նրանց այլ կերպ գործել», «Ես էլ ավելի շատ կխաբեմ – ես ինքս նրանց կմերկացնեմ» եւ այլն: Որոշե՛ք ինքներդ ձեզ համար՝ ինչի՞ եք դուք պատրաստ:

****

Հնարավոր է, որ այն, ինչ հիմա կասեմ, խիստ թվա եւ ոմանց համար անցանկալի լինի: Մարդկանց 97 %-ը նորմալ կյանք է ցանկանում: Նրանք չեն ցանկանում հայտնվել ռիսկային վիճակներում, թռիչքների եւ անկումների եւս պատրաստ չեն: Նրանք ցանկանում են կանխատեսելիություն, հարստություն, առողջություն, երջանկություն: Նրանք փոփոխություններ չեն ցանկանում… Գործարարը նա է, ով ցանկանում է փոփոխություններ: Դուք պետք է հասկանաք՝ արդյո՞ք պատկանում եք մարդկանց այդ 3 %-ին:  Պատրա՞ստ եք արդյոք դուք դառնալ հասարակության «ոչ նորմալ» մասը: Պատրա՞ստ եք ռիսկի:    

****

Եթե գտնում եք, որ պատրաստ եք, ապա մեր բիզնես-դպրոցը լավագույն վայրն է, որը ձեզ համար դուռ կբացի դեպի նոր հնարավորություններ, քանի որ այլ տարբերակ մեր երկրում, ցավոք, դեռեւս չկա: Մենք ձեզ չենք խոստանում փափուկ բարձեր անկումների ժամանակ: Այն, որ դուք գումար եք վճարում ուսման համար, դեռեւս չի նշանակում, որ ձեզ համար ստեղծվելու են կատարյալ հարմարավետության պայմաններ: Պատրաստ եղեք՛, որ դուք ստիպված եք լինելու պայքարով հասնել ձեր ուզածին:     
 
****

MBA-ն սովորական ուսում չէ: Նույնը չէ, ինչ քննություն հանձնել մաթեմատիկայից կամ ֆիզիկայից: Բիզնես դպրոցում ձեր ուսման առաջադիմության առանցքային չափանիշներից է ոչ թե այն, թե որքան միավոր եք հավաքել այս կամ այն առարկայից, այլ այն, թե ուսման ընթացքում քանի անգամ են ձեր համակուրսեցիները ձեզ ասել՝ «արի միասին բիզնես անենք», «ցանկանում եմ աշխատել քեզ մոտ», «արի ինձ մոտ աշխատելու»:   

****
Մենք ցանկանում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը ունենա իր մենթորը: Դուք պետք է հասկանաք, որ մենթոր դառնալը հեշտ չէ: Նա չի կարող ձեզ պարզապես ասել «այսպես արա՛», «այսպես մի՛ արա»: Նրա շփումը իր սաների հետ տեղի է ունենում այլ ձեւաչափով, եւ երբեմն բավական խիստ է լինում: Կյանքիս ընթացքում ունեցել եմ մի քանի մենթորներ: Նրանցից մեկը՝ Ռոն Ֆրիմենը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի փոխնախագահն է: Նա մշտապես ինձ քննադատում էր, միշտ ասում էր, որ ես ամեն ինչ վատ եմ անում: «Տրոյկա Դիալոգ»-ի գլխավոր տնօրեն լինելու տարիներին ես ամեն անգամ մանրակրկիտ ձեւով պատրաստվում էի մեր հանդիպմանը: Գիտեի, որ նա չի զլացել եւ նայել է մեր բոլոր հաշվետվությունները, եւ սկսելու է հարցերով տանջել ինձ՝ ինչու՞ այս թվերը չեն համընկնում մյուսների հետ, ինչու՞ այս ամիս գործերն ավելի վատ են ընթանում, քան նախորդ ամսում: Իհարկե, ես կարող էի մի կողմ քաշվել եւ մտածել՝ «Ես ամեն ինչին ինքնուրույն եմ հասել, հաջողակ եմ դարձել: Ամեն ինչ գիտեմ եւ ինձ հարկավոր չէ օտար մարդու կարծիքը, մանավանդ, եթե նա տհաճ հարցեր է տալիս»: Բայց ես հասկանում էի, որ դա ինձ համար կարեւոր է: Պատրա՞ստ եք դրան:

Դիտում՝ 5686
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai