Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում մեկնարկել է նոր նախաձեռնություն

30.06.2014 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամն ու «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գրասենյակն այսօր ստորագրել են եռակողմ ծրագրի շուրջ համագործակցության համաձայնագիր, որով կրթական նոր հնարավորություններ կստեղծվի Գավառի մանկատան սաների համար:

Ծրագրի շրջանակներում Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 90 սան հնարավորություն կունենա ստանալ խորացված հանրակրթական եւ մասնագիտական գիտելիքներ: Նրանց համար նախատեսվում է կազմակերպել հայոց եւ օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության եւ այլ առարկաներ խորացված ուսուցում, տարբեր մասնագիտությունների գծով դասընթացներ:

Ծրագիրը մաս է կազմում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի եւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից թողարկված Visa «ԲԱՐԵՐԱՐ» բարեգործական քարտի ծրագրին: Բանկն արդեն թողարկել է 19 000 Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտ, իսկ փետրվարին ամենաակտիվ 1000 քարտապանների միջեւ անցկացրած հարցման արդյունքում առաջարկվող ծրագրերից ընտրվել է մանկատների երեխաների համար կրթական կենտրոնի ստեղծումը:

Առաջին բարեգործական ծրագրի արժեքը 41 մլն դրամ է, որը, ըստ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի, հետագայում կարող է  ավելանալ: Ծրագրի տեւողությունը  3 տարի է:

«Ծրագրին կարող են մասնակցել Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի բոլոր  քարտապանները: Անհրաժեշտ գումարը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը փոխանցում է իր միջոցների հաշվին` ամեն մի քարտի վճարման 0.3%-ը կուղղվի այդ ֆոնդին, բանկն էլ կարող է անմիջական մասնակցություն ունենալ եւ փոխանցումներ կատարել այս նպատակի համար»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:  

«Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի ավելի քան 90 երեխա այժմ սովորում է Գավառի մանկատանը, ովքեր հաճախում են դպրոց, մասնակցում արտադասարանային խմբակների, սակայն ստացած գիտելիքները բավարար չեն, որ չափահաս դառնալու եւ մանկատունը լքելու դեպքում այդ երեխաները կարողանան աշխատանք գտնել եւ լիարժեք ինտեգրվել հասարակությանը»,- ասել է «Վորլդ Վիժն Հայաստանի» գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը նկատել է. «Տարիների փորձը ցույց է տալիս, որ միայն շինարարություն անելով եւ կահավորելով՝ բոլոր խնդիրները չէ, որ լուծում են ստանում: Ծրագրի արդյունքում` մի քանի տարի անց, մենք կունենանք զարգացած երեխաներ, որոնք ճիշտ կկողմնորոշվեն իրենց ապագայի հարցում»:

Դիտում՝ 2237
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai