ՀՊՏՀ-ում կազմակերպվել է Աշխատանքի տոնավաճառ

06.06.2014 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բակում տեղի ունեցավ Աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի եւ մարքեթինգի կենտրոնի ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության  պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ:

Ինչպես հայտնել են ՀՊՏՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են մոտ 60 կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց թափուր աշխատատեղերը:

Այս ավանդույթը համալսարանը հիմնել է անցած տարվանից, եւ արդեն երկրորդ տարին կազմակերպիչների կողմից հրավիրված գործընկեր կազմակերպությունները ավարտական կուրսերի ուսանողներին եւ շրջանավարտներին ներկայացնում են իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը: Աշխատանքի տոնավաճառը ՀՊՏՀ ուսանողների եւ շրջանավարտների կարիերային նպաստելուն միտված  Տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպվող նախագծերից մեկն է:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

«Աշխատանքի տոնավաճառն այն գործուն հարթակն է, որտեղ հանդիպում են գործատուներն ու մեր կադրերը: Մեր համալսարանը, կարեւորելով բուհ-գործատու, բուհ-աշխատաշուկա հարաբերությունները, եւ առաջնահերթ համարելով մեր շրջանավարտների կարիերային նպաստելու հանգամանքը՝ անընդհատ նորանոր քայլեր է նախաձեռնում: Մեր լավագույն շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու գործընթացին աջակցություն ցուցաբերելը մեզ համար օրակարգային խնդիր է:

Տեղին եմ համարում հիշեցնել, որ բուհ-գործատու հարաբերությունների կարգավորման համատեքստում մեր համալսարանը, ի թիվս պետական եւ մասնավոր մի շարք կառույցների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ եւս ստորագրել է համագործակցության պայմանագիր և համատեղ իրականացնում է մագիստրոսական կրթական ծրագիր: Հուսով եմ, այսօրվա նախաձեռնությունը եւս կծառայի իր նպատակին և որակյալ կրթությամբ շրջանավարտները կգտնեն իրենց գործատուներին»,- նշել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Դիտում՝ 2718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai