Պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ 2.3%-ով աճ են գրանցել

14.04.2014 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 139.7 մլրդ դրամ:

Այս մասին ասված է 2014թ. հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարողականում, որում նշվում է նաեւ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 2.3%-ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային եւ շրջանառության հարկերի, ինչպես նաեւ այլ եկամուտների աճի հաշվին:

Կատարողականի համաձայն, պետական բյուջեի եկամուտների 92.6%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 7.4%-ը` այլ եկամուտների հաշվին:

«Պետական բյուջեն կատարվել է սահուն, եւ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը հունվար-փետրվարի տվյալներով եկամուտների գծով կազմել է 66.3% , ծախսերի գծով՝ 52.4%: 2014թ. հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 6%-ով կամ 8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով»,- նշված է փաստաթղթում:

Ըստ կատարողականի, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 65.9%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտները գրեթե չեն փոխվել:

«Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձեւավորված ազատ միջոցներն ավելացել են 10.4 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 50.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները»,- նշված է բյուջեի կատարողականում:

Դիտում՝ 1522
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai