ԱՄՀ-ն $125 մլն-ի ծրագիր կիրականացնի Հայաստանում

24.03.2014 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամը(ԱՄՀ) Հայաստանի հետ հաստատել է $125 մլն արժողությամբ եւ 38-ամսյա ժամկետով «Երկարաձգված ֆինանսավորման» ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Ծրագրի հաստատումը տեղի է ունեցել մարտի 7-ին: Հատկացումները կբաշխվեն 7 հավասարաչափ մասերի:  Առաջին հատկացումն արդեն եղել է: Մարկ Հորթոնի փոխանցմամբ, ծրագրի հիմքում դրված են էական նպատակներ. «Մասնավորապես` խոսքը վերջին մի քանի տարիներին ձեռք բերված մակրոտնտեսական ցուցանիշների պահպանման, ցածր գնաճի, ինչպես նաեւ հարկաբյուջետային համակարգի եւ արտաքին հատվածի պակաս խոցելի դարձնելու մասին է», - ասել է նա:

Նպատակներից է նաեւ կառուցվածքային բարեփոխումների խորացումը, գործարար միջավայրի եւ ինստիտուտների կատարելագործումը, մրցակցության բարելավումը, տեղական եւ օտարերկրյա մասնավոր ներդրումների համար Հայաստանյան միջավայրի բարելավումը:

Ծրագրի  պարբերական ստուգումները կանցկացվեն 6 ամիսը մեկ:  ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ նոր ծրագիրը կառուցվածքով նման է նախորդ տարվա հուլիսին կնքված ծրագրին. «Գտնում ենք, որ այն հաջող  ընթացք ունեցավ եւ ճգնաժամից հետո նպաստեց տնտեսական աճի վերականգնմանը եւ խոցելիության նվազեցմանը»,- ասել  է նա:

Մարկ Հորթոնը նշել  է, որ դեռեւս կա արտաքին անհավասարակշռվածություն,  Հայաստանում բարձր է ֆինանսական հատվածի դոլարայնացվածությունը, որով երկիրը խոցելի է մնում արտաքին ցնցումների նկատմամբ.

«Բարձր են նաեւ աղքատության եւ գործազրկության ցուցանիշները: Նախկինի պես անհրաժեշտ է տնտեսությունը դարձնել ավելի բաց եւ մրցակցային: Նոր ծրագիրը կօգնի իշխանություններին այս մարտահրավերները հաղթահարելու գործում», - նկատել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:

Դիտում՝ 2358
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai