Պարտադիր աուդիտը թողեց պետությունն առանց Ջերմուկի եւ Mercedes-ների

05.08.2013 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից վերահսկվող խոշոր ներկրող եւ Yerevan City սուպերմարկետների ցանցը կառավարող Ալեքս Գրիգ ընկերությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ նախորդ տարվա գործունեության պարտադիր աուդիտի արդյունքում ստանում է ոչ դրական եզրակացություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր ամփոփել է խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները, համաձայն որոնց 941 խոշոր կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որոնցից 427-ը ստացել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը՝ ոչ, իսկ 311 կազմակերպություն չի կատարել օրենքի պահանջը:  

Հայաստանում օրենքը պարտադրում է արտաքին աուդիտի ենթարկվել այն կազմակերպություններին, որոնց հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է 1 մլրդ դրամը:

Պարտադիր աուդիտի արդյունքում դրական եզրակացություն չստացածների թվում են նաեւ 2 բանկեր՝ Հայբիզնեսբանկը եւ ԲՏԱ Բանկը (վերջինս՝ երկրորդ տարին անընդմեջ):

Դրական եզրակացություն չեն ստացել նաեւ այնպիսի տնտեսվարողներ, ինչպիսիք են Ջերմուկ Գրուպը, Սամվել Ալեքսանյանի կողմից վերահսկվող մեկ այլ ընկերություն՝ դեղամիջոցների խոշոր ներմուծող Նատալի Ֆարմը, Արմենիա եւ Նաիրի բժշկական կենտրոնները, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը, խոշոր ներմուծող Սովռանո ընկերությունը, կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի խոշոր ռիթեյլեր Զիգզագը:  

Դրական կարծիք չստացածների թվում են նաեւ կառուցապատող Ռենկո Արմէսսթեյտը, ալկոհոլային խմիչքների արտադրողներ ՄԱՊ-ը, Վեդի Ալկո-ն, Պռոշյանի կոնյակի, Կոտայք գարեջրի եւ Երեւանի շամպայն գինիների գործարանները:   

Պարտադիր աուդիտի արդյունքներով ձեւափոխված (ոչ դրական) կարծիք են ստացել նաեւ Գարանտ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը եւ ավտոդիլերներ Ավանգարդ Մոթորսը (Mercedes Benz), Մեգնա-ն եւ Կարկոմավտոն:

Պարտադիր աուդիտ չանցածների թվում են բենզինի խոշոր ներմուծող Սիթի Պետրոլ Գրուպը, Մուլտի Լեոնը, հանքարդյունաբերողներ Արմենիան Քափըր Փրոգրամը եւ Թեղուտը, Միխայիլ Բաղդասարովի կողմից վերահսկվող ընկերություններ Արմավիան, Միկա Ցեմենտը, Միկա Քորփորեյշնը:

Անտեսել են օրենքի պահանջը նաեւ Նաիրիտ քիմիական գործարանը, խոշոր բեռնափոխադրող Սպայկան, կառուցապատողներ Գլենդել Հիլզը եւ Տոնուսը, Արմենիա Վայն գործարանը, Նատֆուդը, Աշտարակ Կաթը, Երեւանի Գարեջուրը, Հայր եւ որդի Երիցյաններ խանութների ցանցը եւ Ինտերակտիվ Թիվին:

Նշենք, որ այսուհետ դրական աուդիտորական եզրակացություն չստացած խոշոր ընկերություններին կարգելվի մասնակցել պետգնումների մրցույթներին, իսկ սա նշանակում է, որ օրինակ, պետությունը մեկ տարի չի գնելու Ջերմուկ հանքային ջուր, Հայկական շամպայն, Mercedes մակնիշի ավտոմեքենաներ եւ այլն:

Դիտում՝ 4581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai