Աուդիտի ոչ դրական արդյունքներ` Ալեքս Գրիգ, երկու բանկ եւ ուրիշներ

01.02.2013 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից վերահսկվող խոշոր ներկրող եւ Yerevan City սուպերմարկետների ցանցը կառավարող Ալեքս Գրիգ ընկերությունը 2012-ին նախորդ տարվա գործունեության պարտադիր աուդիտի արդյունքում ստացել է «վերապահումով» (ոչ դրական) եզրակացություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ամփոփել է խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները, համաձայն որոնց 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որոնցից 404-ին տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 256-ը չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել, իսկ 167 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:

Հայաստանում օրենքը պարտադրում է արտաքին աուդիտի ենթարկվել այն կազմակերպություններին, որոնց հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է 1 մլրդ դրամը:

Պարտադիր աուդիտի արդյունքում դրական եզրակացություն չստացածների թվում են նաեւ 2 բանկեր՝ Հայէկոմոնբանկը եւ ԲՏԱ Բանկը, որոնց եզրակացությունը վերապահումով է:

Նույն եզրակացությունը ստացել են նաեւ այնպիսի տնտեսվարողներ, ինչպիսիք են բենզինի խոշոր ներմուծող Սիթի Պետրոլ Գրուպը (հիմնական մրցակից Ֆլեշի եզրակացությունը դրական է), Ռուսաստանյան Երկաթուղիների կողմից կոնցեսիոն կառավարվող Հարավկովկասյան երկաթուղին, Սամվել Ալեքսանյանի կողմից վերահսկվող մեկ այլ ընկերություն՝ դեղամիջոցների խոշոր ներմուծող Նատալի Ֆարմը, եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Աշոտ Ղազարյանի կողմից ղեկավարվող Ապավեն միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերությունը եւ նրա մրցակից Սպայկան:

Դրական կարծիք չեն ստացել նաեւ կառուցապատողներ Ռենկո Արմէսստեյտը, Գլենդել Հիլզը  եւ Էլիտ Գրուպը (վերջինի դեպքում՝ կարծիքից հրաժարում), երկրում ծխախոտի խոշորագույն արտադրող Գրանդ Տոբակոն, կաթնամթերքի խոշոր արտագրող Աշտարակ Կաթը (կարծիքից հրաժարում), Տոյոտա մակնիշի մեքենաներ ներմուծող Տոյոտա-Երեւանը, Երեւանի մետրոպոլիտենը:

Պարտադիր աուդիտի արդյունքներով վերապահումներով կարծիք են ստացել նաեւ Արմենիա եւ Նաիրի բուժկենտրոնները:

Պարտադիր աուդիտ չանցածների եւ, արդյունքում, վարչական տույժերի ենթարկվողների թվում են Վանաձոր Քիմպրոմ եւ Նաիրիտ քիմիական գործարանները, Հայրապետյան եղբայրների «Հայաստան» առեւտրի կենտրոնը, ինչպես նաեւ Ավստրիական, Ռուսական (Աէրոֆլոտ) եւ Ֆրանսիական (Air France) ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչությունները (ազգային ավիափոխադրող Արմավիայի աուդիտը դեռ ընթացքում է):

Դիտում՝ 6127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai