ԲԼԵՍՍ. «Ստեփանակերտի մասնաճյուղը գերազանցել է մեր սպասումները »

22.05.2012 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Գործունեության առաջին տարվա արդյունքում «ԲԼԵՍՍ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային պորտֆելը կազմել է մոտ 1 մլրդ դրամ:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում նշել է «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյանը, «շատ ցուցանիշներով մասնաճյուղը գերազանցել է մեր սպասումները, ընդ որում` ոչ միայն մեկ ուղղությամբ»:

«Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային պորտֆելի մոտ 50%-ը կազմել են ոսկու գրավով վարկերը, մնացածը բաժին է ընկել սպառողական եւ բիզնես վարկերի վրա: Ընդ որում, բիզնես վարկավորման ուղղությամբ վարկեր են տրամադրվել նաեւ ԼՂՀ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի եւ Արցախի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցության պայմանագրերի շրջանակներում: Հատկանշական է, որ մինչ օրս տրամադրած բիզնես վարկերի 100 %-ը օգտագործվում է Ղարաբաղի տարածքում, ինչպես գյուղատնտեսության ոլորտում (ԼՂՀ շրջաններում), այնպես էլ փոքր ու միջին բիզնեսում` առեւտուր եւ սպասարկման այլ ոլորտներ:

Հայկ Ստեփանյանի խոսքերով, նախկինում եւ այսօր էլ կազմակերպության երեւանյան գլխամասի կողմից ԼՂՀ բնակիչներին տրամադրված բիզնես վարկերը օգտագործվում են հենց Ղարաբաղի տարածքում: Բայց եւ այնպես, «Ստեփանակերտ» մասնաճյուղի բացումը հնարավորություն է ընձեռել ավելի օպերատիվ կազմակերպել վարկատու-վարկառու կապը, իրականացնել ամենօրյա վերահսկողություն եւ շատ ավելի արդյունավետ դարձնել վարկառուի հետ հետադարձ կապը:

«Կարող ենք արձանագրել, որ մեր որոշումը` բացել մասնաճյուղ Ստեփանակերտում, արդարացվեց. նախ, իրականացրեցինք մեր նախանշած ռազմավարական նպատակը, բացի այդ, մեր համեստ ներդրումն ունեցանք նոր աշխատատեղերի բացման առումով, ինչը շատ կարեւոր է հատկապես ԼՂՀ-ի համար: Եվ, վերջապես, ունեցանք որակյալ եւ ծանրակշիռ վարկային պորտֆել, որի միջոցով ավելացրեցինք մեր կազմակերպության ընդհանուր եկամուտները»,- նշել է «ԲԼԵՍՍ»-ի ղեկավարը:

Հայկ Ստեփանյանի խոսքերով, սա կազմակերպության առաջին մասնաճյուղն էր, որը «կայծ» հանդիսացավ ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել մարզային մասնաճյուղ հիմնելու առումով: «Ճիշտ է, այսօր այդ ուղղությամբ գործնական քայլեր չենք իրագործում, բայց լուրջ մտադրություններ կան եւս մեկ մարզային մասնաճյուղ բացելու առումով: Իհարկե, դրա համար պետք է ապահովվեն մի շարք նախապայմաններ եւ դրանցից ամենակարեւորը` կադրերի առկայությունն ու ընտրությունն է, որոնց համապատասխան ունակությունները պետք է միտված լինեն դիմակայելու մրցակցային պայքարին»:

«ԲԼԵՍՍ»-ի ղեկավարի գնահատմամբ, վարկավորման շուկայում աճող մրցակցության հետ մեկտեղ, այսօր որոշակի աճ է գրանցվում նաեւ վարկերի պահանջարկի նկատմամբ: 2011թ. III-IV եռամսյակներից վարկավորման ասպարեզում սկսեց նկատվել ակտիվացում, իսկ արդեն այս տարի այդ տենդենցն ավելի նկատելի է, առավելապես սպառողական վարկավորման ասպարեզում, ինչ-որ տեղ նաեւ բիզնես վարկավորման ոլորտում:

«Դա արտահայտվում է «ԲԼԵՍՍ»-ի տրամադրվող վարկերի ցուցանիշների, ինչպես նաեւ հաճախորդների թվի աճի վրա: Կարծում եմ, եթե այս տեմպերը պահպանվեն, ապա հաջորդ տարվանից մենք կանցնենք բնականոն աշխատանքային ռեժիմի, ինչը թույլ կտա փաստել, որ ճգնաժամի հետեւանքները հաղթահարված են»,- նշել է «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հայկ Ստեփանյանը:

Դիտում՝ 40947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai