Նորություններ
Մատչելի ավտոմեքենա, թե՞ մատչելի Kia
Չորեքշաբթի 04 Ապրիլ 2012
Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 15-ին կմեկնարկի "Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա” պետական ծրագիրը, որը ենթադրում է ավտովարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորում:
Մեդիամաքս-ի թղթակիցը ծրագրի պայամնների եւ իրականացման մասին խոսել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի եւ ավտոդիլերների հետ, փորձել պարզել` ինչու՞ հենց “ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ն դարձավ ծրագրի գործընկեր եւ ի՞նչ առաջարկներ են ներկայացրել մյուս ավտոդիլերները:
“Գաղափարը խարսխված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի այն դրույթի վրա, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է հնարավորություն ունենա մատչելի պայամններով ձեռք բերելու բնակարան եւ ավտոմեքենա: Ծրագիրն իրականացվում է Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից, իսկ “ԿԻԱ Մոթորս”-ը մեր գործընկերն է: Շուկայում գնադիտարկում ենք կատարել եւ եկել ենք այն համոզման, որ գին-որակ հարաբերակցությամբ այս պահին, թերեւս, լավագույն տարբերակներից մեկը առաջարկում է “ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ն,- Մեդիամաքս-ին ասել է Արսեն Քարամյանը:
Նա նշել է, որ կարեւոր նախապայման է հանդիսացել նաեւ ընկերության տրամադրած երաշխիքային սպասարկումը. “ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ի տրամադրած երաշխիքային սպասարկումն առկա է մինչեւ 150.000 կմ վազքի դեպքում, ինչի առումով ընկերությունն այսօր շուկայում բացարձակ առաջատար է”, - ասել է Քարամյանը:
Ավտովարկը կտրամադրվի առնվազն 7 տարվա մարման ժամկետով, կարող է լինել մինչեւ 10 տարի` կախված շահառուի վարկունակությունից կամ վարկային պատմությունից, կանխավճարը` 10-20 տոկոս` կրկին կախված շահառուի վարկունակությունից եւ վարկային պատմությունից, ամուսինների հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 65-ը:
Արսեն Քարամյանն ասել է, որ շուտով կհրապարակվի սպասարկող բանկերի ցանկն ու դիմելու կարգը:
«2012-ին ծրագիրը կյանքի կոչելու համար տրամադրվել է 500 մլն դրամ` սա նշանակում է, որ 100-120 ընտանիք հնարավորություն կունենա այս ծրագրի միջոցով մեքենա գնել”, - ասել է Արսեն Քարամյանը:
Առավելությունը կտրվի երկու եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին:
“Կարծում եմ, որ եթե ծրագրի մեկնարկը հաջողված լինի, այն շարունակություն կունենա նաեւ 2013-14 թթ. ընթացքում”, - նշել է փոխնախարարը:
“ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ի հետ նախնական պայմանավորվածությունը ենթադրում է երեք դասի մեքենա. “4.3-5 մլն, 5-6 մլն եւ 6-7 մլն դրամ արժողությամբ: Ամեն դասի մեջ կլինի երեքական մեքենա, ընդհանուր առմամբ այս երեք դասի մեջ կլինեն 9 տարբեր հագեցվածության մեքենաներ, համապատասխանաբար նշված դասերի` Kia Picanto, Kia Rio, Kia Cerato:
“ԿԻԱ Մոթորս Արմենիա” ընկերության վաճառքի գծով տնօրեն Սամվել Ավետիսյան Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ առաջարկվող մեքենաների գները մշակված են հատուկ այս ծրագրի համար: “Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ շահառուները լինելու են երիտասարդ ընտանիքներ: Երաշխիքային սպասարկումն էլ լինելու է 5 տարի, կամ 150.000կմ վազք:”
“Կարծում եմ` ծրագիրը շարունակական կլինի: Մեր ընկերությունը միանշանակ շարունակելու է իր համագործակցությունն այս ծրագրի հետ` հանդես գալով լավ առաջարկներով”,-ասել է Սամվել Ավետիսյանը:
Փորձելով պարզել` ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում ի՞նչ առաջարկներ են ներկայացրել մյուս ավտոդիլերները` տեղեկացանք, որ նրանցից ոմանք պաշտոնական որեւէ առաջարկ չեն ստացել:
Հայաստանում “Suzuki” -ի պաշտոնական ներկայացուցիչ "Ռոյալ Մոթորս" ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ, վաճառքի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը Մեդիամաքս-ին հայտնել է, որ “Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա” պետական ծրագրի մասին ընկերությանը որեւէ առաջարկ չի արվել: “Ծրագրի մասին տեղեկացել ենք ԶԼՄ-ներից` մեզ հետ ոչ ոք առաջարկ չի քննարկել”:
Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը ողջունելի է համարել կառավարության նմանատիպ ծրագիրը, բայց նշել, որ ցանկացած բնագավառ զարկ տալու եւ բիզնեսը խթանելու համար պետք է ապահովել ազատ մրցակցային դաշտ:
Հայաստանում “Nissan” -ի պաշտոնական ներկայացուցիչ “Մուրան”ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը եւս Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է, որ իրենց ծրագրի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չեն ստացել.
“Այդ մասին տեղեկացել ենք լրատվամիջոցներից: Ենթադրում եմ, որ եթե դիմել են, ապա ոչ բոլոր ավտոդիլերներին”: “Մուրան”-ի մարկետինգի բաժնի ղեկավարը նշել է, որ առաջարկի դեպքում պատրաստ են համագործակցել ծրագրի հետ:
Անդրադառնալով Արսեն Քարամյանի խոսքին, որ “ԿԻԱ Մոթորս Արմենիա”-ի ընտրության համար կարեւոր նախապայման է հանդիսացել նաեւ ընկերության տրամադրած երաշխիքային սպասարկումը`Վլադիմիր Հովսեփյանը նշել է, որ “ավտոմեքենայի ընտրության հարցում ամենաբարձր չափանիշը տրամադրվող երաշխիքային սպասարկումը չէ”:
Սիրանուշ Եղիազարյան
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1982
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ











