Հայաստանում պարզեցվել է ավտոմեքենաների մաքսազերծման կարգը

25.03.2010 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է ավտոմեքենաների լրացուցիչ կոմպլեկտավորումը մաքսային արժեքում ներառելու գործընթացը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը այսօր ասել է, որ նոր մեխանիզմը գործում է փետրվարի 15-ից եւ ուղղված է մաքսազերծման կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը եւ ներկրողների եւ մաքսատան ժամանակի տնտեսմանը:

«Եթե նախկինում մաքսային արժեքում ներառվող լրացուցիչ կոմպլեկտավորման տարրերը հստակեցված եւ սահմանափակված չէին, ապա այժմ դրանք ընդամենը 4-ն են»,- ասել է Գեւորգ Սաղոյանը` հստակեցնելով, որ ԱՊՀ երկրներում արտադրված ավտոմեքենաների համար այսուհետ լրացուցիչ կոմպլեկտավորման տարրեր են համարվում վերին դիտապատուհանը (1,5% հավելում մաքսային արժեքին), ոչ գործարանային անվահեծերը (1,5%), աուդիո-վիդեոհամակարգերը (3%) եւ կոնդիցիոները (4%):

ԱՊՀ երկրների սահմաններից դուրս արտադրված ավտոմեքենաների համար (բարձր անցողունակությամբ ավտոմեքենաներ, սեդաններ, փոքրածավալ եւ սպորտային ավտոմեքենաներ) այժմ լրացուցիչ կոմպլեկտավորման տարրեր են համարվում կաշվեպատ սրահը (3,5% հավելում մաքսային արժեքին), ոչ գործարանային անվահեծերը (1,5%), աուդիո-վիդեոհամակարգերը (4%) եւ քսենոնային լուսարձակները (1%):

Գեւորգ Սաղոյանի խոսքերով, նախկին կարգը դժվարություններ էր առաջացնում ինչպես մաքսատան, այնպես էլ ներկրողների համար, ովքեր հաճախ չէին հասկանում հաշվարկման մեխանիզմները եւ չէին կարող վերահսկել այդ գործընթացը: «Իսկ այժմ ավտոմեքենայի լրացուցիչ կոմպլեկտավորման յուրաքանչյուր տարրի համար կիրառվում են մաքսային արժեքից հաշվարկվող տոկոսային մեծություններ, ինչը թույլ է տալիս նաեւ մաքսային արժեքում արտացոլել դրանց մաշվածությունը` կախված ավտոմեքենայի արտադրության տարեթվից»,- ասել է Գեւորգ Սաղոյանը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ նոր կարգի համաձայն, լրացուցիչ կոմպլեկտավորման տարրերի առկայությունն այսուհետ հաշվի չի առնվելու $50 հազարից թանկ, «լյուքս» կարգի ավտոմեքենաների, ավտոբուսների եւ միկրոավտոբուսների, ինչպես նաեւ բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

«Տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հաշվարկման նոր կարգի շնորհիվ վերանում են կոռուպցիոն ռիսկերը, գործընթացը դառնում է բացարձակ թափանցիկ եւ վերահսկելի, ներկրողը ինքնուրույն կարող է մինչեւ մաքսազերծումը ճշգրիտ որոշել, թե որքան կարժենա այդ գործընթացը»,- ասել է Գեւորգ Սաղոյանը:

Նա հավելել է, որ նոր կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Երեւանի Տրանսպորտային միջոցների ձեւակերպման մասնագիտացված մաքսատանը եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական ծառայությունում:

Մաքսային վերահսկողության վարչության պետը վստահություն է հայտնել, որ փոփոխությունները դրական կազդեն Հայաստան ավտոմեքենաների ներկրման ծավալների վրա, որոնք զգալիորեն կրճատվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում:

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ. ավտոմեքենաների ներկրման ծավալը նվազել է 58,7%-ով` կազմելով 17 296 միավոր:

Դիտում՝ 40506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai