Վարկային պատմություն ունեցող բնակչության տեսակարար կշռով Հայաստանը չի զիջում Բալթյան երկրներին

07.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

“ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” վարկային բյուրոյի տնօրեն Արտակ Արզոյանի հարցազրությցը “ՄԵԴԻԱՄԱՔՍ” գործակալությանն ու Banks.am կայքին

- Ներկայացրեք վարկատու կազմակերպության եւ պոտենցիալ փոխառուի հետ վարկային բյուրոյի աշխատանքի ստանդարտ ընթացակարգը: Ենթադրենք, հաճախորդը դիմել է բանկին` հիփոթեքային վարկ ստանալու նպատակով. ինչպիսի՞ սցենարով կզարգանան հետագա իրադարձությունները:

- Հաճախորդի դիմումը ստանալուց հետո վարկատու կազմակերպությունը սկսում է նրա վարկարժանության գնահատման գործընթացը, որը կարող է տարբեր խորության լինել` թե’ ծախսվող ժամանակի տեսանկյունից, և թե’ ուսումնասիրվող տեղեկատվության: Քանի որ տարբեր վարկային կազմակերպություններում գործընթացը կարող է տարբեր լինել, ներկայացնեմ դասական տարբերակը:

Վարկարժանության գնահատման առաջին քայլը վարկառուի կողմից ստացված առաջնային տեղեկատվության հիման վրա նախնական եզրակացության ստացումն է, որի ընթացքում օգտագործվում են վարկատուի կողմից պահանջվող տարբեր փաստաթղթեր` անձի նույնականացման, ֆինանսական վիճակի ճշգրտման և այլ գործոնների վերաբերյալ: Վերլուծելով ստացված փաստաթղթերը` վարկատուն կայացնում է նախնական որոշում, շարունակե՞լ վարկարժանության գնահատման գործընթացը, թե՞ մերժել հաճախորդին, եթե վերջինս չի բավարարում վարկատուի կողմից սահմանված նախնական չափանիշներին: Դրական եզրակացություն ունենալուց հետո վարկատուն դիմում է վարկային բյուրո` ստանալու համար հաճախորդի վարկային պատմությունը, որը ներառում է տվյալ անձի կողմից ֆինանսական պարտավորություններ կատարելու պարտաճանաչությունը և ստանձնած պարտավորությունների ծավալն ու տեսականին: Տվյալ պարագայում ոչ դրական վարկային պատմությունը կարող է հանդիսանալ վարկառուի մերժման հիմք, իսկ դրական վարկային պատմությունը, հակառակը, կարող է բարելավել տրամադրվող վարկի պայմանները` ժամկետայնության և տոկոսադրույքի առումով:

- Վարկային բյուրոն առանձին հավաքագրում է փոխառուների վարկային պատմություններն ու տեղեկությունները փոխառուների մասին: Արդյո՞ք միայն վարկային պատմությունը բավարար չէ ռիսկերի գնահատման եւ որոշում կայացնելու համար:

- Վարկառուների վերաբերյալ հավաքագրվող տեղեկատվությունը բավականին սահմանափակ է և նպատակ ունի ապահովել վարկառուի ճիշտ նույնականացում:

ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմի հավաքագրվում են անձի նույնականացման տվյալները` անձնագրի համար, հասցե, ծննդյան ամսաթիվ, սոցիալական քարտի համար, ռեզիդենտություն: Առանց այս տվյալների մեծանում է վարկային պատմությունների սխալ ձևավորման հավանականությունը, ինչը թույլատրելի չէ ցանկացած պարագայում: Ի տարբերություն վարկառուի անձնական տվյալների` նրա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը շատ ընդարձակ է և ներառում է վարկարժանություն գնահատելու համար անհրաժեշտ ցանկացած տվյալ:

- Ի՞նչ հետեւանքներ կունենա փոխառուի համար վարկային պատմություն չունենալը: Վարկատուի մոտ չի՞ ստեղծվի կարծրատիպ, որ ով “դեմ է”, նա “մեզ հետ չէ”:

- Հայաստանի Հանրապետությունում վարկային բյուրոն գործում է հետևյալ սկզբունքով` վարկատու կազմակերպությունները տրամադրում են վարկային բյուրոյին տեղեկատվություն բոլոր վարկերի վերաբերյալ, որոնց հիման վրա ձևավորվում են վարկային պատմություններ: Վարկային պատմությունը կարող է տրամադրվել վարկատու կազմակերպությանը միայն այն դեպքում, երբ առկա է հաճախորդի համաձայնությունը: Ուստի վարկային պատմության ձևավորումը կախված չէ հաճախորդի կամքից, սակայն նա կարող է արգելել իր վարկային պատմության տրամադրումը այլ անձանց` չտալով իր համաձայնությունը: Վարկային պատմության ձևավորումը առաջին հերթին բխում է հաճախորդի շահերից, քանի որ այն նվազեցնում է համակարգում առկա ասիմետրիկ տեղեկատվությունը` հնարավորություն տալով պարտաճանաչ և վարկարժան վարկառուներին ստանալ վարկեր ավելի ձեռնտու պայմաններով: Ուստի, եթե հաճախորդը չի ուզում, որպեսզի իր վարկային պատմությունը օգտագործվի իրեն վարկ տրամադրելու ընթացքում, նշանակում է, որ նա մտավախություն ունի, որ իր ոչ դրական վարկային պատմությունը կարող է բացասաբար անդրադառնալ վարկավորման գործընթացի վրա: Այսօր կան մի շարք երկրներ, որտեղ վարկային պատմություն ունեցող անձանց թիվը մոտենում է չափահաս բնակչության թվին, և վարկային պատմնության բացակայությունը, կամ արգելափակումը հաճախորդի կողմից միանշանակ հանգեցնում է վարկավորման գործընթացից դուրս մնալուն:

- Վարկատու կազմակերպություններն ունե՞ն վարկային պատմությունների գնահատման մի ընդհանուր չափորոշիչ: Չէ՞ն կարող առաջանալ վիճելի իրավիճակներ, երբ վարկային պատմության չափանիշները կգտնվեն ՙլավի՚ եւ ՙվատի՚ սահմանագծին:

- Հաճախորդի վարկային ռիսկի թվային գնահատում իրականացվում է բազմաթիվ վարկային բյուրոների կողմից: ԱՔՌԱ վարկային բյուրում սկսվել են վարկային սքորինգի ներդրման աշխատանքները, որը միասնական գնահատական կտա հաճախորդների վարկային ռիսկին` ելնելով նրա վարկային պատմությունից և ֆինանսական պարտավորությունները կատարելու պարտաճանաչությունից: Արդյունքւոմ մենք կունենանք մեկ թվով արտահայտված գնահատական: Սակայն սահմանագիծը` որքանից բարձր իրականացնել վարկավորում կամ մերժել, դա վարկատու կազմակերպության քաղաքականության հարց է: Միջազգային պրակտիկայում սովորաբար վարկատու կազմակերպությունները հստակ որոշում են այն շեմը, որից ներքև վարկավորում ընդհանրապես չի իրականացվում: Որոշ վարկառուներ կարող են միտված լինել ավելի ռիսկային վարկառուների վարկավորմանը բարձր տոկոսադրույքներով, ուստի նրանց կողմից սահմանված շեմը կարող է ցածր լինել: Այս հանգամանքը մեկ անգամ ևս մատնանշում է ասիմետրիկ տեղեկատվության նվազեցումը, քանի որ չբավարարելով մեկ վարկատուի պահանջերին, հաճախորդը կարող է վարկավորվել մեկ այլ կազմակերպությունում, որի շուկայի սեգմենտն ընդգրկում է համեմատաբար ավելի ռիսկային վարկառուների: Սկսնակ վարկառուներին սովորաբար առաջարկվում են փոքր սահմանաչափերով վարկային քարտեր, որոնց միջոցով սկսվում է ձևավորվել անհրաժեշտ տեղեկատվությունը` վարկային սքորինգ իրականացնելու համար: Բացի վարկային բյուրոյի կողմից վարկային ռիսկի գնահատականը, վարկատու կազմակերպություններն իրականացնում են նաև հաճախորդի անձնական տվյալների հիման վրա վարկարժանության գնահատում, որը մեծ մասամբ կատարվում է մինչև վարկային բյուրոյից տեղեկատվություն ստանալը: Այս փուլում արդեն պարզ է լինում` հաճախորդը բավարարու՞մ է վարկատուի չափանիշներին ,թե ոչ:

- Վարկային բյուրոն ունի՞ որոշակի վիճակագրություն այն մասին, թե որ վարկերն են առավել “վտանգավոր” մարման տեսակետից: Կարելի՞ է ենթադրել, որ որքան մեծ է վարկի չափը, այդքան ավելի շատ են նրա մարման հետ կապված խնդիրները:

- ԱՔՌԱ-ն ներկա պահին չի իրականացնում նման վերլուծություն, սակայն ՀՀ ԿԲ և առևտրային բանկերի հետ իրականացվում է նոր նախագիծ, որն ընգրկում է նաև վարկային բյուրոյի կողմից նման վերլուծությունների իրականացումը: Հարցի երկրորդ մասի վերաբերյալ կարող եմ ասել, որ ճիշտ չէ միայն վարկի մեծությունը ընդունել որպես վարկի ռիսկայնության նախապայման: Մեկ վարկառուի համար խոշոր համարվող վարկը կարող է փոքր լինել մեկ ուրիշի համար: Ուստի խոշոր վարկի հետ վերադարձնելու հավանականությունը բացառապես կախված է վարկառուի վարկարժանությունը բնութագրող գործոններից, որոնք հաշվի են առնվում վարկատուի կողմից մինչև վարկի տրամադրումը:

- Որքա՞ն վարկային պատմություններ դուք արդեն ունեք եւ ինչպե՞ս է այդ ցուցանիշը հարաբերվում վարկային շուկայի զարգացման ներկա տեմպերի հետ:

- Այս պահին ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա է մոտ 500 հազար վարկային պատմություն: Համաձայն Համաշխարհային բանկի կողմից իրականացվող հետազոտության (Doing Business 2008)` վարկային պատմություն ունեցող բնակչության տեսակարար կշռով, ընդհանուր բնակչության թվի մեջ Հայաստանը չի զիջում մերձբալթյան հանրապետություններին, իսկ ԱՊՀ երկրների շարքում գրավում է առաջին տեղերից մեկը: Քանի որ վարկային բյուրոյին տրամադրվում է տեղեկատվություն բոլոր վարկերի վերաբերյալ, վարկային շուկայի զարգացումը իր արտացոլումն է գտնում նաև վարկային պատմությունների թվի աճի վրա: Մեր նախնական կանխատեսումներով, մինչև 2008 թ. վերջը վարկային պատմությունների թիվը կկրկնապատկվի` ի հաշիվ համակարգում առկա տեղեկատվության մուտքագրման ավարտի և վարկավորման ծավալների աճի:

- Վարկատու կազմակերպություններից քանիսն են ձեր գործընկերները, ֆինանսական ինչպիսի՞ մոդելովեն կառուցվում ձեր փոխհարաբերությունները: Փոխառուն ունի՞ որեւէ ֆինանսական պարտավորություններ:

- ԱՔՌԱ-ի հետ պայմանագրեր են կնքել 19 բանկեր և 6 վարկային կազմակերպություններ: Առաջիկայում պայմանագրեր կկնքվեն ևս երկու բանկի և 5 վարկային կազմակերպությունների հետ: Նպատակ ունենք մինչև 2008 թ. առաջին կիսամյակի ավարտը պայմանագրեր ունենալ բոլոր վարկատու կազմակերպությունների հետ:

ԱՔՌԱ-ի կողմից մատուցվող ծառայությունները վճարովի են, և վարկատուները վճարում են վարկային պատմությունների համար: Կախված վարկատուի քաղաքականությունից` նշված գումարը վճարվում է հաճախորդի կողմից, կամ վարկատու կազմակերպությունն այն մտցնում է իր գործառնական ծախսերի մեջ: Ընդհանուր առմամբ վարկառուի համար որևէ այլ ֆինանսական պարտավորություն չի կարող առաջանալ:

- Վարկային բյուրոյի գործունեության առանձնահատկությունն ենթադրում է լուրջ տեխնոլոգիական լուծումներ, ինչպե՞ս է ընթանում աշխատանքն այդ ոլորտում:

- Ներկայումս ԱՔՌԱ վարկային բյուրոն ունի վարկային տեղեկատվություն շրջանառելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումները: Ապահովված է տեղեկատվության անվտանգության բարձր մակարդակ, ծառայությունները մատուցվում են on line ռեժիմով, տեղեկատվության շարժը մանրամասնորեն կանոնակարգված է: Նշված տեխնոլոգիաները ներդնելուն օժանդակություն է ցուցաբերել նաև հանրահայտ Dun&Bradstreet ընկերությունը, որը տասնամյակների փորձ ունի վարկային տեղեկատվության շրջանառման գործում և հանդիսանում է ԱՔՌԱ վարկային բյուրոյի բաժնետերը: 2008 թ. ընթացքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ` ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների նորացմանը, առկա համակարգչային ռեսուրսների թարմացմանը: Այս առումով համագործակցում ենք նաև USAID-ի կողմից իրականացվող FSDP ծրագրի շրջանակներում EMG կազմակերպության հետ` ակնկալելով ստանալ նրանց աջակցությունը նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով:

- Որո՞նք են “Վարկային բյորոյի մասին” մշակվող օրինագծի հիմքում ընկած հիմնական սկզբունքները: Արդյո՞ք դրանք “պատժամիջոցներ” չեն նախատեսում վարկային շուկայի մասնակիցների համար:

- Հիմնական սկզբունքները հիմնված են հաճախորդի շահերի պաշտպանությունն ուժեղացնելու, տեղեկատվական անվտանգությունն ապահովելու և տվյալների ճշգրտությունն ապահովելու նախադրյալների վրա: Նախագիծը դեռևս մշակման փուլում է և հնարավոր չէ ասել. կոնկրետ ի՞նչ դրույթներ այն կպարունակի: Քանի որ նախատեսված է վարկային բյուրոների լիցենզավորում, նախատեսված են նաև որոշակի պատժամիջոցներ վարկային բյուրոների նկատմամբ: Հավանական է, որ որոշ պարտադիր դրույթներ լինեն նաև վարկային շուկայի մասնակիցների համար: Առաջանում են նոր տիպի հարաբերություններ, եւ բնականաբար կառաջանան նաև կարգավորման ենթակա իրավիճակներ:

- “ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգը” Հայաստանի միակ վարկային բյուրոն է: “Տխու՞ր” չէ աշխատել առանց մրցակիցների:

- Հաշվի առնելով ֆինանսավարկային համակարգի չափը և պոտենցիալ վարկառուների քանակը, չեմ կարծում, որ մոտ ապագայում Հայաստանում ստեղծվի նոր վարկային բյուրո: Աշխարհի բազմաթիվ երկրներում գործում է մեկ վարկային բյուրո և դա բիզնեսի առանձնահատկություն կարելի է համարել: Եթե հաշվի առնենք, որ վարկային բյուրոների մասին օրենքի նախագծում ներառված են դրույթներ, որոնք սահմանափակելու են գերակա դիրքից օգտվելու հնարավորությունները և ստեղծելու են հավասար դաշտ բոլորի համար, ապա կարծում եմ ԱՔՌԱ-ի միակ լինելու փաստը խնդիրներ չի առաջացնի վարկավորման շուկայում: Մյուս կողմից, ԱՔՌԱ-ի բաժնետերերի կազմն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս ստեղծել շահերի առողջ բաշխում և ունենալ կոորպորատիվ կառավարում` նույնիսկ մինչև օրենքի ընդունումը:

- “ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգը” “Դեն ենդ Դրեդստրիտ” (D&B) ընկերության գործընկերն է: Ինչու՞մ է կայանում ձեր ռազմավարական համագործակցությունը:

- D&B-ն աշխարհում ամենամեծ փորձ ունեցող ընկերություններից է բիզնես տեղեկատվության ոլորտում: ԱՔՌԱ-ի ծրագրային ապահովումն իրականացնելու ընթացքում կիրառվել է D&B- կողմից տրված լայնածավալ խարհրդատվությունը, ինչի արդյունքում ձևավորվել է տեղեկատվության շրջանառման հուսալի համակարգ: Հաշվի առնելով, որ ԱՔՌԱ-ի ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված է որպես ռազմավարության փուլ իրականացնել նաև բիզնես տեղեկատվության շրջանառում, ապա D&B-ի օժանդակությունն այս հարցում մեծ արժեք կունենա: Ներկայումս քննարկվում են համագործակցության հետագա ուղղությունները:

Դիտում՝ 14747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai