Լոռիում համաշխարհային մակարդակի լեռնադահուկային կենտրոն կստեղծվի

07.03.2018 | 09:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լոռի #լեռնադահուկային կենտրոն #Ecosign
ՀՀ կառավարությունը  մարտի 6-ին կայացած նիստում հավանություն է տվել Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին:

Մասնավորապես, կառավարությունն ընդունել է կենտրոնի ստեղծման նպատակով հասարակության եւ պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին որոշում:

Հիմնավորման համաձայն՝ Լոռու մարզի Անտառաշեն եւ Լերմոնտովո համայնքներում, մինչեւ 30 մլրդ դրամ ներդրում կատարելու նպատակով, տարածքի գլխավոր հատակագիծը նախագծելու համար արդեն իսկ ընտրվել է Ecosign միջազգային լավագույն կազմակերպությունը:

Ծրագիրը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, մշակութային բազմազանությանն ու միջմշակութային երկխոսությանը, կստեղծվի ավելի քան 1500 նոր աշխատատեղ:

Ծրագրի նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել եւ սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով:

Հանգստավայրը նախատեսված կլինի նաեւ միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Հանգստավայրը կգործի ամբողջ տարի եւ կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու եւ բարձրակարգ սպասարկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղիներ եւ լեռնադահուկային ուղիներ:

Այս փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առեւտրային հարթակներ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ:
Դիտում՝ 6073

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW