Լիզինգային գործունեության զարգացումը կխթանվի

06.03.2018 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #նիստ #լիզինգ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ օրենսդրական մի քանի փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանում լիզինգային գործունեության զարգացման համար։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ, 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից՝ 3-ը, գործող 21 առեւտրային բանկերից՝ 5-ը։

«Նման ցուցանիշը պայմանավորած է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ օրենսդրական թերի կարգավորումներով։ Մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված չեն լիզինգի բոլոր տեսակները եւ դրանց առանձնահատկությունները, անհրաժեշտ խթանող մեխանիզմները, հստակ չեն նման պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման ընթացակարգերը, ինչպես նաեւ կողմերի պարտավորությունների լիարժեք շրջանակը»,- ասել է կառավարության ղեկավարը։

Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում, հատկապես՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ կստեղծի բարենպաստ պայմաններ բանկային ծառայությունների ընդլայնման համար։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը, այդ թվում՝ անդրադառնալով թերի օրենսդրական կարգավորումների հստակեցման, պարզեցման, ինչպես նաեւ ոլորտը խթանելու մեխանիզմների հարցերին։
Դիտում՝ 3552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai