Հայէկոնոմբանկը «Նանո» մասնաճյուղում շուրջօրյա աշխատող սրահ է բացել

01.02.2018 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Նանո
Հայէկոնոմբանկը Երեւանի Թումանյան 32 հասցեում տեղակայված «Նանո» մասնաճյուղում այսօր բացել է շուրջօրյա աշխատող սրահի դռները:

Բանկում նշել են, որ հաճախորդները «Նանո» մասնաճյուղի 24/7 սրահի ծառայություններից կարող են օգտվել շաբաթվա բոլոր օրերին եւ ցանկացած ժամի:

Տեխնոլոգիական նման լուծումներով հագեցած մասնաճյուղը առաջինն է բանկի մասնաճյուղային ցանցում:

«Նորագույն տեխնոլոգիաներն այսօր փոխում են համաշխարհային շուկաների զարգացումներն ու թելադրում բանկի ռազմավարությունը: Մենք փորձում ենք կանխատեսել հնարավոր փոփոխություններն ու շարժվել դրանց համընթաց՝ բանկում ներդնելով տեխնոլոգիական նորամուծություններ եւ առաջադեմ լուծումներ: «Նանո» մասնաճյուղը, որն այսօրվանից աշխատելու է 24/7 սկզբունքով, հենց վերջինիս վկայությունն է»,- նշել է Հայէկոնոմբանկի տեխնոլոգիաների եւ անվտանգության գծով գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Փիլոսյանը:

Նա ներկայացրել է շուկայում նորույթ հանդիսացող վիրտուալ հեռակա սպասարկման սարքը:

«Սարքը հնարավորություն է ընձեռում մեր բազմազբաղ ու ժամանակը գնահատող հաճախորդներին իրականացնել բանկային գրեթե բոլոր գործառնությունները իրենց հարմար օրերին եւ ժամերին 24/7 սկզբունքով՝ վիրտուալ կապի միջոցով (ոչ ավանդական եղանակով)՝ բացառելով աշխատակիցների անմիջական ֆիզիկական ներկայությունը գործարքի կատարման պահին: Բանկային ծառայությունների նմանատիպ մատուցումը նոր է ՀՀ բանկային համակարգում, սակայն այն կիրառելի է աշխարհի տարբեր զարգացած երկրներում: Սա մեզ համար ռազմավարական քայլ է, քանզի կարծում ենք, որ անցումը մասնաճյուղային ցանցի սպասարկումից ամբողջապես աշխատակցի բացակայությամբ սպասարկմանը պետք է լինի սահուն ե՛ւ բանկի, ե՛ւ հաճախորդի տեսանկյունից: Մենք ձգտում ենք, որ մեր հաճախորդներն իրենց մաքսիմալ հարմարավետ զգան մեր մասնաճյուղերում»,- հավելել է Արփինե Փիլոսյանը:

Վիրտուալ հեռակա սպասարկման սարքը հնարավորություն է տալիս կատարելու հետեւյալ գործարքները՝

- Հիմնական բանկային հաշվի եւ առարկայազուրկ մետաղական հաշվի բացում ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական անձանց համար,
- Լրացուցիչ հաշվի բացում,
- Վճարային համակարգերի միջոցով փոխանցումների իրականացում,
- Վճարային համակարգերի միջոցով փոխանցումների ստացում,
- Սպառողական վարկի համար դիմումի ներկայացում,
- Վճարային պլաստիկ քարտի դիմումի ներկայացում,
- Վարկի մարում,
- Արտարժույթի փոխանակում:

Արփինե Փիլոսյանի խոսքով՝ այս պահին մոբայլ բանկինգի եւ օնլայն բանկինգի նոր հավելվածներն իրենց մշակման վերջնական փուլում են:

«Ընդամենը մի քանի ամիս անց մեր հաճախորդները հնարավորություն կունենան իրենց գործարքների զգալի մասը տեղափոխել օնլայն հարթակ՝ խնայելով իրենց ժամանակը: Մեր նպատակն է կրճատել այն գործարքների կատարման ժամանակը, որոնց համար բանկի աշխատակցի անմիջական մասնակցությունը պարտադիր չէ, եւ մեր ջանքերն ուղղել հաճախորդի կարիքների բացահայտմանն ու որակյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրմանը: Մենք նաեւ մշակում ենք նոր պրոդուկտներ եւ ծառայություններ մեր տարբեր սեգմենտների հաճախորդների համար»,- ասել է բանկի ներկայացուցիչը:
Դիտում՝ 6559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai