Արմավիրի մարզում բացվել է «Գրին էներջի» արեւային էլեկտրակայանը

13.12.2017 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #«Գրին Էներջի» #«Սպայկա»
Արմավիրի մարզի Շենիկ համայնքում այսօր կայացել է «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արեւային էլեկտրակայանի բացումը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, կայանն ամբողջովին կառուցվել է տեղական կազմակերպությունների ուժերով՝ «Բաղրամյանշին», «ԱԳԲԱ Լիզինգ» եւ «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ:

Շինարարությունն իրականացվել է այս տարի՝ 3,5 ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է $750-800 հազ.: Շինարարության ընթացքում ստեղծվել է 70 աշխատատեղ, աշխատակիցները ներգրավվել են հարակից համայնքներից եւ գյուղերից:

«Կայանը բաղկացած է 3 124 պոլիկրիստալային արեւային վահանակներից եւ 37 արեւային ինվերտորներից, որոնք ձեռք են բերվել աշխարհում դրանց արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից: Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 Մվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն»,- ասված է հաղորդագրությունում:

Վարչապետի խոսքով՝ արեւային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, եւ արեւային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին:

Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ նույն համայնքում «Սպայկա» ընկերության հիմնած ինտենսիվ այգիներ, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին եւ ընդլայնման հեռանկարներին:

Վարչապետին ներկայացվել է, որ շուրջ 30 հա կեռասի եւ 22 հա ծիրանի այգիներն ամբողջովին ոռոգվում են կաթիլային եղանակով, որը «բավական արդյունավետ է եւ մոտ 8-10 անգամ նվազեցնում է ոռոգման համակարգի ծախսատարությունը»:
Դիտում՝ 7531
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai