Բարեգործական կոալիցիա՝ հանուն երեխաների առողջության

13.12.2017 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
#«Մենք ենք» #Սոնա Ազարյան
Ամանորյա տոներին ընդառաջ՝ այս տարի եւս Հյուսիսային պողոտայում գործում է ավանդական դարձած տոնավաճառը։ Այս տարի առաջին անգամ տոնավաճառին մասնակցում է նաեւ «Մենք ենք» բարեգործական կոալիցիան։

«Մենք ենք» բարեգործական նախաձեռնության եւ համանուն հիմնադրամի նախագահ, անվանի երաժիշտ Սոնա Ազարյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենց տոնական տնակում ներկայացված խաղալիքների ու հուշանվերների մի մասը պատրաստել են մանկական ուղեղային կաթվածով եւ աուտիզմով երեխաներն արտթերապիայի ընթացքում։ Տաղավարում կարելի է գտնել նաեւ Armenian Lighthouse հիմնադրամի, մանկատան սաների, Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոցի աշակերտների, սիրիահայ փախստականների եւ այլոց կողմից պատրաստված աշխատանքներ։ Նվերների մի մասն էլ տրամադրել են Kara Silver եւ Dolphin therapy Dilijan ընկերությունները։

Տաղավարը վաճառքի իր ձեւով եւս տարբերվում է։ Մոտենալով տնակին՝ այցելուն կատարում է նվիրատվություն՝ արկղիկի մեջ գցելով որոշակի գումար, իսկ տեղում աշխատող կամավորները նվիրատվությանը համարժեք նվեր են տալիս։ Նվերները բազմազան են՝ տոնածառի խաղալիքներ, օճառներ, կախազարդեր, թխվածքաբլիթներ եւ այլն։


Տաղավարում որպես կամավոր կարելի է հանդիպել հայտնի մի շարք մարդկանց։ Մասնավորապես, առաջիկա հանգստյան օրերին տաղավարում աշխատելու են ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը եւ «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

Տոնական տոնավաճառը գործում է ամեն օր՝ ժամը 11։00-21։00-ը։ Այն բաց կլինի մինչեւ հունվարի 6-ը:

«Մենք ենք» նախաձեռնությունը միավորում է խոշոր բարեգործական հիմնադրամներ եւ ծագումով Հայաստանից ու Ռուսաստանից մի շարք հասարակական գործիչների՝ ստեղծելով միասնական հարթակ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին եւ այլ խոցելի խմբերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։


«Մենք ենք» կոալիցիայի անդամներն են «Բարի մամա», «Ֆոնդ 100», «Հայ մայրեր», «Առողջության կամուրջ», «Արմավենի», «Спеши к добру», «Живой», City of Smile, «Մենք ենք» եւ այլ բարեգործական հիմնադրամներ։

Տոնավաճառից ստացված շահույթը հավասարապես բաշխվելու է կոալիցիայի անդամ բոլոր կազմակերպությունների միջեւ։ Ստացված եկամուտի եւ դրա բաշխման մասին տեղեկատվությունը հրապարակվելու է «Մենք ենք» կոալիցիայի ֆեյսբուքյան էջում։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 5071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai