ՎԶԵԲ-ը եւ Ճապոնիան աջակցում են ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացմանը եւ ՓՄՁ-ներին

06.12.2017 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #ՓՄՁ #դասընթաց
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) խորհրդատուների համար դեկտեմբերի 6-8-ը Երեւանում անցկացնում է «ՓՄՁ-ների ֆինանսավորման համար անհրաժեշտ կապիտալի շուկաներում կիրառվող գործիքները» թեմայով հատուկ դասընթաց:

Դասընթացի նպատակն է ապահովել Հայաստանում ֆինանսական խորհրդատուների մասնագիտական վերապատրաստումը՝ զինելով նրանց անհրաժեշտ հմտություններով եւ լավագույն փորձով, թե ինչպես փոքր եւ միջին ձեռնարկությունները օգտվեն կապիտալի շուկաներում առկա պարտքային եւ բաժնեմասնակցային ֆինանսավորման գործիքներից, որոնց օգնությամբ նրանք կկարողանան դիվերսիֆիկացնել իրենց ֆինանսավորման աղբյուրները եւ նոր ներդրումներ ներգրավել։

Դասընթացի հիմնական թեմաներն են՝ կապիտալի շուկաներ, ՓՄՁ-ներին հասանելի ֆինանսական գործիքներ, կազմակերպության արժեքի գնահատում, պարտքային եւ բաժնեմասնակցային ֆինանսավորման տարբերակներ, կապիտալի շուկաների ռիսկեր, ՓՄՁ-ների զարգացման եւ դրանց «ներդրումային պատրաստվածության» բարձրացման համար անհրաժեշտ հիմնական ֆինանսական ցուցանիշներ եւ ծրագրեր։

Դասընթացը մշակվել եւ կազմակերպվել է ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթով ՓՄՁ-ների վարկավորման» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։

Ճապոնիայի կառավարությունը ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում օժանդակում է տեղական կապիտալի շուկաների զարգացմանը՝ կանոնակարգող բարեփոխումների, կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, կապիտալի շուկայի գործիքների մշակման եւ շուկայական նորարարական գործիքների մասին իրազեկման, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների բազայի ընդլայնման միջոցով։

Հայաստանում ՓՄՁ-ներն ունեն ընդլայնման նպատակով կիրառելի բազմազան ֆինանսական գործիքների հասանելիության խնդիր, մասնավորապես, բաժնեմասնակցային ֆինանսավորման ներգրավման։ Այս համատեքստում ԵՄ-ՎԶԵԲ համագործակցության արդյունքում ստեղծվել է «Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման եւ խորհրդատվության բաղադրիչը»՝ միտված լինելով ՓՄՁ-ների համար նման խորհրդատվությունների հասանելիության բարձրացմանը, դրանց ներդրումային պատրաստվածության խթանմանը եւ Հայաստանում առկա ֆինանսական լուծումների դիվերսիֆիկացմանը՝ մասնավոր ներդրումային ֆոնդի ստեղծման միջոցով։

«Հայաստանում բազմաթիվ ընկերություններ տեղյակ չեն կապիտալի շուկայի ֆինանսավորման հնարավորություններից կամ այն դժվարություններից, որոնց նրանք կարող են բախվել բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելիս։ Այս դասընթացը մշակվել է ՓՄՁ-ների խորհրդատուներին անհրաժեշտ գիտելիքներով եւ գործիքներով զինելու համար, որոնք նրանց անհրաժեշտ են հայկական ընկերություններին, մասնավորապես ՓՄՁ-ներին, արդյունավետ խորհրդատվություն տրամադրելու եւ կապիտալի շուկայում պարտքային եւ  բաժնեմասնակցային ֆինանսավորում ձեռք բերելու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթի եւ կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» ղեկավար Հաննես Տակաշը:

«Ճապոնիայի՝ երկրներին աջակցություն ցուցաբերելու քաղաքականությունն ունի երկու առաջնահերթ ուղղություն, որոնցից մեկը տնտեսական աճի եւ տարածաշրջանային զարգացման նպատակով հաստատությունների եւ ենթակառուցվածքի բարելավումն է, մասնավորապես՝ ՓՄՁ-ների զարգացման խթանումը։ 2013-2016թթ. ՃՄՀԳ-ն հաջողությամբ իրականացրել է «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջխաղացում» ծրագիրը, իսկ 2016-2019թթ. իրականացնում է ծրագրի երկրորդ փուլը։ Հուսով ենք, որ մեր համագործակցությունը շարունակում է արդյունավետ կերպով օժանդակել Հայաստանի ՓՄՁ-ներին եւ, որ մենք հաջողությամբ շարունակում ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ, որը հանդիսանում է ՓՄՁ-ներին աջակցություն ցուցաբերող առաջատար դոնորներից մեկը»,- ասել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոն:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն էլ նշել է, որ ԵՄ-ի աջակցությունը ՓՄՁ-ներին Հայաստանի հետ զարգացման համագործակցության հիմքն է:

«Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 250 ՓՄՁ-ներ խորհրդատվական ծառայություններ են ստացել, ինչը հանգեցրել է վերջիններիս գործունեության 30% միջին աճին, ավելի քան 30 նորաստեղծ ձեռնարկություններ ստացել են նախնական ֆինանսավորում, 100 ՓՄՁ-ներ շահել են ֆինանսավորման ավելի մատչելի աղբյուրների հասանելիությունից, €40 մլն ներդրվելու է Հայաստանում նորաստեղծ բաժնեմասնակցային ֆինանսավորման միջոցով: Եվ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի» (GSP+) առեւտրային սխեմայի շնորհիվ 6000 հայկական ապրանքներ կարող են ներկրվել ԵՄ առանց մաքսատուրքերի։ «EU4Business՝ ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը եւ ընդհանուր աճին»,- ասել է նա:

Առաջատար միջազգային փորձագետ, խորհրդատու, մասնագիտացած թրեյներ, Bahovski Finance կազմակերպության հիմնադիր Պետկո Բահովսկին, որը վարելու է դասընթացը, նշել է.

«Այս դասընթացը ճիշտ ժամանակին է կազմակերպվել։ Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաների ներկայիս վիճակը, որտեղ ներդրողներն ավելի հետաքրքիր ուղիներ են փնտրում իրենց պորտֆելները դիվերսիֆիկացնելու համար, Հայաստանում ներդրումներ կատարելը գրավիչ է ավելի, քան երբեւէ։ Դասընթացի մասնակիցները կծանոթանան այնպիսի գործիքների եւ ձեռք կբերեն հմտություններ, որոնք կնպաստեն հայկական կապիտալի շուկայի եւ ՓՄՁ-ների աճին, զարգացմանը, ինչպես նաեւ ձեռք կբերեն գործնական փորձ այն մասին, թե, Հայաստանում բիզնեսներում եւ մասնավորապես՝ ՓՄՁ-ների ոլորտում ներդրումներ կատարելիս տարածաշրջանային եւ  միջազգային տարբեր ներդրողներն ինչ են փնտրում եւ ինչ տարբերակներ են դիտարկում»։

1992թ. Հայաստանում իր գործունեության մեկնարկից հետո՝ ՎԶԵԲ-ը €1,12 մլրդ է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտներում գործող 161 ծրագրերում. այս ներդրումների 89%-ը կատարվել է մասնավոր հատվածում:

ՎԶԵԲ-ը միջազգային զարգացման բանկ է, որի նպատակն է ապահովել շուկայական տնտեսությունների առաջընթացը եւ խթանել մասնավոր հատվածի ու ձեռներեցության զարգացումն ավելի քան 30 երկրում՝ Մարոկկոյից մինչ Մոնգոլիա, Էստոնիայից մինչ Եգիպտոս։ ՎԶԵԲ-ը պատկանում է 65 պետության, Եվրոպական Միությանն ու Եվրոպական ներդրումային բանկին: Կառույցի գործունեությանը կարելի է հետեւել պաշտոնական կայքում եւ սոցիալական մեդիայի էջերում՝  Facebook, Instagram, Twitter եւ YouTube:
Դիտում՝ 5172
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo