Ներկայացվել են հավաքորդական 500-դրամանոցը եւ նոր թղթադրամների էսքիզները

22.11.2017 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թղթադրամներ #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է այսօրվանից շրջանառության մեջ դրվող 2017թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաեւ ՀՀ 2018թ. շրջանառության մեջ դրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:

«Քանի որ թղթադրամի տպագրման բավական զարգացած նոր տեխնոլոգիաներ կան, որոշում կայացրինք ներդնել 3-րդ սերնդի թղթադրամները: Սակայն այդ կարեւոր որոշումից առաջ պետք էր տեսնել, թե ինչպիսի որակական հատկանիշներ կունենան կոմպոզիտային թղթադրամները: Սա լավագույն առիթն էր, որ մեր մասնագետները գործնականում տեսնեին, թե ինչպես կստացվի թղթադրամը»,- նշել է ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:  


500 դրամ անվանական արժեքով 2017թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140x76 մմ: Այն տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը եւ շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը եւ բաց շագանակագույնը:

ԿԲ արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանի խոսքով՝ ներկայացված թղթադրամը ներառում է այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները:

Թղթադրամի դիմերեսի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ», իսկ դրանից ներքեւ մանրատառաշարով՝ «Հինգ հարյուր դրամ» բառերը եւ «500» թիվը:

Թղթադրամի ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով փայլաթիթեղ (կինեգրամա), որն ունի շարժման եւ ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ։

Մասանց պահարանի պատկերի ձախ կողմում ուղղահայաց տպագրված է «Մասանց պահարան Նոյյան տապանի մասունքով», իսկ դրանից ձախ՝ ուղղահայաց, կարմիր գույնով՝ թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ՆՏ» տառերից (թղթադրամի սերիան) եւ վեց թվերից (թղթադրամի համարը): Համարանիշի վերեւում հորիզոնական տպագրված է «500» թիվը, իսկ ներքեւում՝ «2017» (թողարկման տարեթիվը) եւ «Հինգ հարյուր դրամ» գրառումները։

Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է, հետին մասում երեւում է Արարատ լեռը, որից ներքեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերեւում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով (երեւում է նաեւ դարձերեսից)։ Թղթադրամի անվանական արժեքը թվերով տպագրված է ներքեւի աջ մասում՝ խորը տպագրությամբ:

Թղթադրամի աջ եզրին ուղղահայաց գրված է «Central Bank of The Republic of Armenia»: Արարատ լեռան մեջտեղի մասով անցնում է պատուհանաձեւ պաշտպանական ներգիծ, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, «լողացող» 3D վառ օղակներ եւ իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» եւ «AMD»:

Թղթադրամը վաճառքի համար հասանելի է լինելու ԿԲ «Դրամագետ» խանութ սրահում՝ նոյեմբերի 27-ից: Վաճառքի գինը լինելու է 1700 դրամ: Թղթադրամի տպաքանակը սահմանափակ է՝ 300 000 հատ:


Անդրադառնալով 3-րդ սերնդի թղթադրամների ներդրման ժամկետներին՝ ԿԲ-ում նշել են, որ, ամենայն հավանականությամբ, շարքը կներկայացվի 2018թ. նոյեմբերի 22-ին` ազգային արժույթի թողարկման 25-ամյակի առթիվ: Չի բացառվում, որ 2000-դրամանոցը ներկայացվի ավելի վաղ՝ կապված առկա պահանջարկի հետ:

1000 դրամ անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամի վրա պատկերված կլինի Պարույր Սեւակը, 2000-դրամանոցի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000-դրամանոցի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000-դրամանոցի վրա՝ Կոմիտասը, 20 000-դրամանոցի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000-դրամանոցի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Նոր թղթադրամների շրջանառությանը զուգահեռ՝ տեւական ժամանակ կշարունակեն շրջանառվել այս պահին շուկայում առկա երկրորդ սերնդի թղթադրամները:
Դիտում՝ 8153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai