«Լիդիան Արմենիան» ներկայացրել է Ամուլսարի շինաշխատանքները

20.11.2017 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան Արմենիա» # Ամուլսար
«Լիդիան Արմենիան» ներկայացրել է Ամուլսարում ընթացիկ շինարարական աշխատանքները եւ ժամանակակից բնապահպանական կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները։

Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասել է, որ հանքի շինարարությունը մոտեցել է «ամենաթեժ փուլին»։

«Հանքի կառուցապատման այս փուլում արդեն իսկ ներդրվում են բնապահպանական կառավարման նպատակներով նախագծված ենթակառուցվածքները, շրջակա ջրային ռեսուրսների պաշտպանությունն ապահովող ժամանակակից ջրահեռացման եւ ջրերի կառավարման համակարգերը»,- նշել է Հայկ Ալոյանը:

Նա տեղեկացրել է, որ հանքի շինարարությունը կավարտվի 2018-ի ամռանը եւ տարվա երկրորդ կեսին կարտադրվի առաջին ոսկին: Նախատեսում են տարեկան արտադրել 210 հազար ունցիա ոսկի՝ շուրջ $250 մլն ընդհանուր արժեքով։

«Լիդիան Արմենիան»-ի արտադրատեխնիկական ծառայության պետ Էդգար Զաքարյանը, ներկայացնելով կառուցվող համակարգերի եւ ներդրվող նոր տեխնոլոգիաները, նշել է, որ ընկերությունը հոգացել է այն մասին, որ ջրերի կառավարման հետ կապված բոլոր հնարավոր խնդիրները չեզոքացվեն։

«Ներկայում կույտային տարրալվացման հարթակի շինարարություն է կատարվում։ Հարթակի տակ կառուցվելու է իզոլացիոն շերտ, որ ցիանաջուրը չարտահոսի։ Դրենաժային համակարգի միջոցով էլ ամբողջ հարստացված ջուրը տեղափոխվելու է հարստացված ջրերի ավազան։ Իսկ մնացորդային ջուրը օգտագործվելու է տեխնիկական նպատակներով»,- պատմել է Էդգար Զաքարյանը։

«Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատու Պիտեր Նելն էլ տեղեկացրել է, որ Ամուլսարի ծրագիրը ձեռք է բերում Հայաստանում «Կատերպիլար» ընկերության ամենամեծ ավտոպարկը՝ $65 միլիոն ընդհանուր արժողությամբ ժամանակակից սարքավորումներ։

«Գնել ենք մեկ էքսկավատոր, ինը բեռնատար մեքենա, մեկ բեռնակրիչ եւ մի քանի այլ փոքր տեխնիկա։ Բեռնատարներից վեցը արդեն տեղում են, եւս երեքը՝ դեռ ճանապարհին։ Առաջին երկու-երեք տարվա համար այս տեխնիկան բավարար է»,-հայտնել է նա։

Ամուլսարի հանքի 2018 թ. ավարտվող շինարարության արժեքը կկազմի $370 միլիոն: Շինարարության շրջանակներում հոկտեմբերի դրությամբ ստեղծվել էր ավելի քան 1500 աշխատատեղ։ Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում:
Դիտում՝ 1706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai