Վարչապետը մեկնաբանել է Doing Business 2018-ում ՀՀ դիրքերի անկումը

02.11.2017 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Doing Business
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Համաշխարհային բանկի՝ հոկտեմբերի 31-ին հրապարակած «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկուցին, որում Հայաստանը դիրքը զիջել էր 9 հորիզոնականով։

«Թեեւ զեկույցում դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում մենք արձանագրել ենք 0,59 կետով փաստացի աճ, այնուամենայնիվ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլեւ նույն տեղում մնալու համար։

Միեւնույն ժամանակ, մենք պետք է ֆիքսենք այլ կարեւոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության զեկույցում 79-րդ հորիզոնականից 73-րդ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54-րդ բարձրացել ենք 33 հորիզոնականը։ Սա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը»,- ասել է վարչապետը։  

Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այն ոլորտների բարելավմանը, որտեղ արձանագրվել է անկում։

Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ուղղությամբ բարեփոխումների ընթացքը կազմակերպելու եւ համակարգելու, ինչպես նաեւ դրանց իրականացման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ հստակ առաջարկություններ, ինչպես նաեւ առաջարկություն ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու եւ այն համակարգող պատասխանատու նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ։

ՀՀ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրենին էլ հանձնարարվել է ձեւավորել անհրաժեշտ փորձագիտական խումբ՝ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով պատասխանատու կառույցներին անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Դիտում՝ 2973
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai